Մատչելիության հղումներ

Ամերիկյան պարբերականը հնարավոր է համարում, որ Հայաստանը «ռադիոակտիվ, կեղտոտ» ռումբեր ստեղծի


Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիր, արխիվ
Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիր, արխիվ

Ըստ ամերիկյան ռազմաքաղաքական հանդեսի, Կրեմլը պնդում է, թե զինելով երկու կողմերին էլ, ռազմական հավասարակշռություն է պահում, իսկ իրականում՝ Հայաստանն ու Ադբեջանը կախման մեջ դնելով ռուսական զենքից՝ Մոսկվան պահպանում է իր ազդեցությունը նրանց նկատմամբ:

Սպառազինություների մրցավազք, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, ռազմական ուղղաթիռներ, տարատեսակ հրետանային համակարգեր ու անգամ՝ միջուկային նյութերի ապօրինի տեղաշարժ: Ամերիկյան national Interest-ն այսպես է ներկայացնում ղարաբաղյան խնդրով պայմանավորված իրավիճակը՝ ընդգծելով․ այս տարի կողմերը կանգնեցին պատերազմի շեմին, իսկ մինչ այդ, Մոսկվան շարունակում է արդիական զենքեր տրամադրել երկու կողմերին էլ:

Փաստելով, որ հակամարտության արմատները ձգվում են մինչև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակները, ամերիկյան ռազմաքաղաքական հանդեսը մանրամասնում է՝ Ղարաբաղը Խորհրդային Միության օրոք մեծ մասամբ հայերով բնակեցված վարչական շրջան էր Ադրբեջանի կազմում, սակայն, 1988 թվականին, մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը, շրջանի տեղական կառավարությունը քվեարկեց Հայաստանին միանալու օգտին: «Քաղաքական տարաձայնությունը վերաճեց լայնածավալ պատերազմի՝ տանկերի, հրետանու և օդուժի կիրառմամբ: Ցավոք, պատերազմի թողած սպիները տարիների ընթացքում միայն խորացան, անկանոն մարտերն ավելի քան 3000 մարդու կյանք են խլել հրադադարից ի վեր»,- շարունակում է հանդեսը:

«Սահմանային բախումները վերջին տասնամյակի ընթացքում շարունակ ուժգնանում էին՝ կիզակետին հասնելով այս տարվա ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց հետևակի, տանկերի, ռազմական ուղղաթիռների, հրետանու և անօդաչու սարքերի գործադրմամբ»,- գրում է ամերիկյան պարբերականը՝ փաստելով՝ չորս օր շարունակված բախումների ավարտին Բաքուն շատ փոքր տարածքային առաջխաղացում ունեցավ՝ դրա դիմաց տալով, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, մոտ 350 զոհ, մի քանի ուղղաթիռ և առնվազն 14 հրասայլ:

«Հայաստանի ուշադրությունից չվիրպեց, որ «Մի-35» գրոհային ուղղաթիռները, ՏՈՍ-1 հրթիռանետները և «Սմերչ» հրթիռային համակարգերը, որոնք ապրիլյան մարտերում ծանր հարվածներ հասցրեցին հայկական զորքերին, տրամադրվել էին առերևույթ դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից, ինչը հանգեցրեց Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացման: Շատ փորձագետներ կարծում են, որ կողմերը կարող են ինտենսիվ մարտերի ևս մեկ շրջափուլ ունենալ, մինչև տեղում իրավիճակ փոխվի,- շարունակում է ամերիկացի հոդվածագիրը՝ ընգծելով, որ միջնորդական ջանքերը հիմնականում արդյունք չեն տալիս, փոխարենը հակամարտող կողմերը շարունակում են ամրապնդել իրենց ռազմական հզորությունները:

Այս շարքում ամենաուշագրավը, ըստ պարբերականի, Երևանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրի ձեռքբերումն է: Հոդվածագիրը փաստում է՝ այն ոչ միայն սպառնում է սահմանով մեկ ձգվող ադրեջանական դիրքերին, այլև կարող է նշանառության տակ առնել ռազմավարական նշանակություն ունեցող նավթաարդյունաբերական հենակետերը:

Բացի այդ, «Իսկանդեր»-ի հրթիռները կարող են նաև ատոմային մարտագլխիկներ կրել: «Ու թեև առաջին հայացքից երեք միլիոնանոց երկրի կողմից միջուկային զենք ունենալու հեռանկարն անհեթեթ է թվում, սակայն, մտահոգվելու առիթ կա»,- գրում է National Interest –ը, շարունակելով՝ Հայաստանն արդեն ունի Մեծամորի ատոմակայան՝ միջուկային ոլորտում հմտացած աշխատակազմով, մյուս կողմից էլ, մտահոգիչ մեծ թիվ են կազմում այն հայերի ձերբակալությունները, որոնք փորձում են երկրից ապօրինի ուրան արտահանել: Եվ որ ամենակարևորն է՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ապրիլին հայտարարեց, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի, կամ պետք է ստեղծի:

«Ի վերջո, հնարավոր է, որ Հայաստանը, ցանկության դեպքում, ստեղծի ռադիոակտիվ, այսպես կոչված՝ կեղտոտ ռումբեր: Եվ, ունենալով արդեն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կետ՝ Ադրբեջանի խորքում»,- գրում է ամերիկյան ռազմաքաղաքական հանդեսը, հավելելով՝ «Իսկանդերից բացի անցած տարիներին Ռուսաստանը նաև հզոր համազարկային հրթիռային համակարգեր է վաճառել երկու կողմերին, որոնք ունակ են մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը»:

«Կրեմլը պնդում է, թե դրանով կողմերի միջև ռազմական հավասակշռություն է պահում, իսկ իրականում Հայաստանն ու Ադբեջանը կախման մեջ դնելով ռուսական զենքից՝ Մոսկվան պահպանում է իր ազդեցությունը նրանց նկատմամբ»,- գրում է հանդեսը: «Մասնակցելով հակամարտության կարգավորման շուրջ միջնորդական ջանքերին՝ Մոսկվան, միաժամանակ, նպաստում է թշնամության խորացմանը՝ շարունակելով առավել արդյունավետ միջոցներ տրամադրել հայերին ու ադրբեջանցիներին՝ միմյանց սպանելու համար»,- եզրափակում է ամերիկյան պարբերականը, ընդգծելով՝

«Հակառակ միտումը կնշանակի՝ ետ քաշվել տարածաշրջանում ունեցած դիրքերից ու վերանայել իր համար կարևոր նշանակություն ունեցող ռազմական պայմանագրերը: Մի բան, որ ամենևին չի տեղավորվում Կրեմլի ծրագրերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG