Հայաստանի զինվորական քննչական վարչությունում 5 ժամ հարցաքննվելուց հետո Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իր ներկայացրած փաստերը բավարար են, որպեսզի բանակում գնումների ոլորտում տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ քրեական գործ հարուցվի:
Հիշեցնենք՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին հնչեցված մեղադրանքներից մեկ ամիս հետո Ղարաբաղի նախկին պատգամավորը երեկ կանչվեց զինվորական քննչական վարչություն՝ հարցաքննության: Բադասյանը հայտարարել էր, թե՝ «Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
Ներկայացնում ենք մեր զրույցից մի հատված․
Բադասյան․ - Հայտնի է, որ մրցույթին մասնակցել են մի շարք կազմակերպություններ, նույնիսկ Արցախում վնասով աշխատող, բայց գերիշխող ձեռնարկություններ, որովհետև հացի արտադրությունը այսօրվա դրությամբ շուկայում ոչ այնքան շահեկան վիճակում գտնվող ձեռնարկություններ են, սակայն մի շարք գեներալների ու բարձրաստիճան սպաների պատկանող ձեռնարկություններ են շահել շուկայականից 35-40 դրամ բարձր արժեքով և Պաշտպանության նախարարությունը կրել է 100-200 միլիոն դրամ վնաս:
«Ազատություն»․ - Ձեր ներկայացրած փաստերը բավարա՞ր էին, որպեսզի քրեական գործ հարուցվի:
Բադասյան․ - Կարծում եմ՝ այո, պիտի որ հարուցվի քրեական գործ:
«Ազատություն»․ - Հենց Մովսես Հակոբյանի դե՞մ:
Բադասյան․ - Երևույթների դեմ, տվյալ երևույթի դեմ:
«Ազատություն»․ - Այս ընթացքում՝ Ձեր այս հայտարարություններից հետո, Մովսես Հակոբյանը փորձե՞լ է Ձեզ հետ կապ հաստատել, խոսել:
Բադասյան․ - Չէ: Մի անգամ զանգել և ասել է, որ կարելի էր անձամբ ներկայանալ, բայց ես ասել եմ, որ անձամբ միշտ պատրաստ եմ խոսել որպես հին մարտական ընկեր, բայց ես ասացի, որ նեղացած եմ և նեղված եմ անձամբ ոչ միայն նրանից, այլ բոլոր այն գեներալներից, ովքեր բանակը հասցրել են այս օրվան և բանակից յուրացումներ են կատարում: Դարձել են ֆեոդալ և դարձել են պատուհաս թե՛ բանակի, թե՛ ազգի գլխին:
«Ազատություն»․ - Պարո՛ն Բադասյան, այս հինգ ժամերը Ձեզ ի՞նչ ցույց տվեցին, որ իսկապես քննիչի մոտ կար ցանկություն, որպեսզի բացահայտվի՞ իրականությունը: Հարցաքննությունն ինչպիսի՞ տրամաբանությամբ էր գնում:
Բադասյան․ - Ես տպավորություն ստացա, որ ինքը ցանկանում է իրոք օբյեկտիվ քննություն անցկացնել: Համենայնդեպս՝ այսքանը ես տեսա, որ ինքը պատրաստակամ է՝ օբյեկտիվ ձևով հարցը քննվի:
«Ազատություն»․ - Կարծում եք Քննչական գլխավոր վարչությունը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դեմ կարող է քրեական գո՞րծ հարուցել:
Բադասյան․ - Համոզված եմ, որ ուրիշ ելք չունի: Հանուն արդարության և հանուն մեր բոլորիս, արցախահայության, Հայաստանի սահմանամերձ շրջանների, մեր բնակչության անվտանգության՝ պարտավոր է լինել օբյեկտիվ և քրեական գործ հարուցել ցանկացած անձի նկատմամբ, ով բանակից թալանել և այսօր թալանում է:
Նշենք, որ այսօր «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Զինվորական քննչական վարչությունն ի վերջո պարզի, որ իսկապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կապ ունի բանակում տեղի ունեցած չարաշահումների հետ, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, թե ոչ՝ քանի որ այն ընկերությունը, որի մասին խոսում է Վահան Բադասյանը, պատկանում է ոչ թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին, այլ վերջինիս եղբորը:
«Մովսես Հակոբյանը ինքը բազմիցս ասել է, որ միանգամայն նորմալ է վերաբերվում ցանկացած խախտման կամ խախտման մասին տրված հայտարարության քննությանը», - հայտարարեց Հովհաննիսյանը:
«Ազատության» դիտարկմանը, թե Բադասյանը կոնկրետ փաստեր էր նշել և հարցին, թե արդյո՞ք իրադրությունը պարզելու նպատակով Պաշտպանության նախարարությունը գոնե ներքին աուդիտ չի անցկացրել, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Իհարկե: Ես նույնիսկ հիշում եմ, թե մենք ինչ ենք պատասխանել մամուլի հարցումներին, բայց հիմա չեմ ուզենա նորից մանրամասնել դա, առավել ևս, որ կա քննություն: Սխալ եմ համարում քննության ընթացքում ես փաստեր մեջբերեմ, թե մենք ինչ ենք պարզել և այլն: Կա քննություն, թող ավարտվի, համապատասխան ապացույցներ կամ հերքումներ գտնվեն և հայտարարվեն»:
«Ազատության» հարցին, թե՝ ամեն դեպքում, իրենց ուսումնասիրություններն անհանգստացնող փաստեր ջրի երես հանե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանեց՝ «ոչ, որովհետև նշված ընկերությունը, որը ըստ Բադասյանի ուղիղ կապ ուներ Մովսես Հակոբյանի հետ, իսկ իրականում Մովսես Հակոբյանի եղբոր հետ, մատակարարում էր իր նշած գումարից շատ ավելի ցածր գնով և պայմանագրի ապացույցներով, փաստերով մենք ներկայացրել ենք, և մատակարարում էր ծավալի մի չնչին հատվածը, որի պահանջարկը ներկայացրել էր Պաշտպանության նախարարությունը կամ Պաշտպանության բանակը»:
Հավելենք, որ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Վահան Բադասյանը Զինվորական քննչական վարչությունում գրավոր հաղորդում է ներկայացրել մամուլում հնչեցրած իր դիտարկումների վերաբերյալ: Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: