Մատչելիության հղումներ

Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի. Ավստրիայի ԱԳ նախարարը ԼՂ հակամարտության մասին


Սեբաստիան Կուրց, արխիվ
Սեբաստիան Կուրց, արխիվ

Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով։ ​«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

Նշենք, որ 2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը:

Կուրցն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել:

«Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման», - ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

Կորցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում՝ նշելով. - «Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ»։

Հարցին, թե ե՞րբ է ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան, Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է. - «ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու: Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG