Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի, եթե հայտարարագիր ներկայացնող պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի կարողությունը մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ միլիոն դրամով ավելի է եղել, քան այդ անձի օրինական եկամուտն է, և այդ անձը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է ստացել այդ եկամուտը, ապա բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա հետ փոխկապակցված անձը ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
«Այն դեպքերում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտը, իսկ դա բարձրաստիճան պաշտոնատար անձն է և փոխկապակցված անձինք, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում, կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, դա ողջամտորեն չի հիմնավորվում և չեն ապացուցվել նաև ապօրինի հարստացման հիմքում ընկած այլ հանցագործություններ, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ապօրինի հարստացման համար: Էական չափ է համարվում 5 միլիոն դրամը գերազանցող շեմը»,- ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Մեկ այլ նախագծով արդարադատության նախարարն առաջարկեց փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որով բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամները պարտավորվելու են փոխառություններից ստացած վճարները, դրամական նվիրատվությունները, այլ եկամուտները, որոնք գերազանցում են երկու միլիոն դրամը, պետք է լինեն անկախիկ: Այս նախագծին ևս գործադիրը հավանություն տվեց: Այս փոփոխություններն օրենքի ուժ կստանան խորհրդարանում ընդունվելուց և հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Բազմաթիվ են հայաստանցի այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրենց աշխատավարձը տասնյակ, հարյուրավոր անգամներով գերազանցող եկամուտներ են հայտարարագրել՝ դրանք ներկայացնելով որպես հանրությանն անհայտ անձանց կողմից արված նվիրատվություններ, կամ տրված փոխառություններից ստացված եկամուտ:
Աղմկահարույց օրինակներից է նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը մոտ ութ տարի գլխավորած Հովհանես Հովսեփյանը, որը ոչ միայն այդպես էլ չներկայացրեց իր տիկնոջ հայտարարագրերը, այլև պաշտոնավարման ընթացքում ստացել է ավելի քան երեք միլիոն դոլար նվիրատվություն: Լրատվամիջոցներում հրապարակումներից հետո միայն Հովսեփյանն ասաց, թե իրեն միլիոնավոր դոլարներ նվիրաբերողը Մոսկվայում բնակվող եղբայրն է, սակայն, հրաժարվեց պարզաբանել, թե եղբայրն ինչպե՞ս է վաստակել այդ գումարներն ու ինչու՞ է նվիրել իրեն:
Այսօր կառավարությունում այս նախագծերի ընդունումը բացատրվեց կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ: Հայաստանի ղեկավարությունը, հիշեցնենք, տարիներ շարունակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Հինգ տարի առաջ՝ 2011թ․ նոյեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:
Անցած տարվա մայիսին «Սիվիլնեթ»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ Ֆինանսների նախարարությունը 2014-ին շուրջ 9 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ֆինանսների այն ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Հայկ Խաչատրյանին պատկանող ընկերության հետ: Իսկ այս տարվա օգոստոսին «Հետք» պարբերականը հանդես եկավ աղմկահարույց մի հրապարակմամբ, ըստ որի, նախագահ Սարգսյանի անվտանգության ապահովման համար պատասխանատու՝ Պետական պահպանության ծառայությունը միլիոնավոր դրամների գնումներ է կատարել այդ նույն ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդուն՝ Վազգեն Հարությունյանին պատկանող ընկերություններից:
Օրերս էլ հրապարակվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցը, ըստ որի Հայաստանը կոռուպցիոն ամենալուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքում է, այդ պետությունների քաղաքացիներն ամենբացասական գնահատականներն են տվել իրենց երկրներում կոռուպցիայի հետ կապված վիճակին:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, անցած տարիների ընթացքում Հայաստանում իշխանությունները հանդես են եկել հակակառուպցիոն բազմաթիվ նախաձեռնություններով, սակայն, դրանց զգալի մասն այդպես էլ մնացել է թղթի վրա:
«Կիրարկման հետ կապված, ես տեսնում եմ որոշակի խնդիրներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ: Օրինակ՝ դա բացահայտելու խնդիրը: Դա բավականին բարդ խնդիր է: Այսինքն, երբ հայտնաբերվում է այդպիսի դեպք, ինչպե՞ս ապացուցվի, դա իսկապես ապօրինի հարստացման դե՞պք է, թե ոչ»,- հարց է ուղղում Վարուժան Հոկտանյանը: