Ռուսաստանը ակտուալ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին:
Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել ադրբեջանական կողմի պատճառով:
«Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի գաղափարի հեղինակը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ 2011 թվականին՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Այնուհետև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստվել է համապատասխան մեխանիզմի նախագիծը, որն այնուհետև մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից», - պատմել է Զախարովան՝ շարունակելով․ - «Վիեննայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ աշխատանքը, սակայն հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը՝ որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցով փոխհամաձայնություն, ցավոք սրտի, չկայացավ: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակը այդ պահի դրությամբ կայուն էր: Արդյունքում՝ մեխանիզմի ստեղծման թեման չի արտահայտվել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հրապարակված նախագահների հայտարարությունում: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը ակտուալ է մնում»: