Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց «Հազար դրամների օրինագիծը»


Ձայների 102 կողմ և ընդամենը 3 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց 2017 թվականի հունվարից հետո պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, համաձայն որի աշխատող յուրաքանչյուր քաղաքացի վճարվող հարկերից բացի ամեն ամիս պետք է 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամին:

Նշենք, որ դեմ քվեարկած 3 պատգամավորներն են՝ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Նկատենք՝ երեկ եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կոչ էր արել նաև նրանց, ովքեր դեմ են այս օրինագծին, ամեն դեպքում դեմ կոճակը չսեղմել: - «Հիրավի չէի ուզի, որ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նախագծին, որևէ մեկը դեմ քվեարկեր, նույնիսկ եթե իրեն իր համոզմունքը թույլ չի տալիս կողմ քվեարկել այս նախագծին այս տեսքով: Դա ևս շատ կարևոր ազդակ կլինի նրանց, ովքեր հետևում են այս քվեարկությանը, և ոչ միայն Հայաստանում», - ասել էր նախարարը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հակադարձեց՝ ինքը շատ համոզիչ հիմնավորվել է, թե ինչու է դեմ քվեարկում: Պատգամավորի փոխանցմամբ, ժողովրդի վրա լրացուցիչ 1000 դրամի բեռ դնելու փոխարեն իրենք ցույց են տվել բոլոր այն աղբյուրները, որոնց միջոցով կարելի էր օգնել զինծառայողներին:

«Մենք ունենք 40 տոկոս ստվեր: 40 տոկոս ստվերի դեպքում, եթե դու կարող ես համեստ մի մասը բերել բյուջե, այդ խնդիրը լուծում ես: Ունենք արտաբյուջետային 100 միլիոն դոլար գումար ամեն տարի, ու ոչ մեկը չգիտի այդ գումարները ուր են գնում, ինչի համար են ծախսվում, ո՞վ է ծախսում: Բերեք այստեղ՝ խնդիրը լուծեք: Այսինքն՝ մեր մոտեցումը՝ այս կարգի մոտեցումը ժողովրդի վրա կրկին հարկ դնելու՝ մենք խիստ դեմ ենք, և դրա համար դեմ ենք քվեարկել հիմնավորված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Մինչդեռ գործարար-պատգամավորները վստահ են՝ այդ 1000 դրամն այնքան էլ մեծ գումար չէ, և ինչպես անկուսակցական Գրիգորի Մարգարյանն է նշում՝ ժողովուրդն այդ գումարը հաճույքով կտա: - «Ես գտնում եմ, որ ժողովուրդը այդ 1000 դրամը հաճույքով կվճարի, որովհետև վճարում է իր զինվորի համար, իր պաշտպանի համար: Եվ այստեղ փորփրել և ընկնել այդ սենսացիաների հետևից՝ գողացած գումարը․․․ գողացած գումարը թողնենք մի կողմ», - հորդորեց Մարգարյանը:

«Բայց հանրությունն ասում է՝ բերեք այդ գումարները բյուջե, ենք էլ մեծ հաճույքով կսկսենք վճարել», - «Ազատության» այս դիտարկմանը պատգամավորը պատասխանեց․ - «Երկու ձեռքով կողմ եմ: Այո՛, բերեք այդ գողացված գումարը բյուջե: Դրա համար համապատասխան մարմիններ կան, պատգամավորը այդ գումարը չի բերելու հետ: Ի՞նչ կապ ունի թալանված փողը սրա հետ: Հիմա, եթե այդ գումարը թալանվել է, սահմանի վրա մեր զինվորը կանգնած արյուն է տալիս, չէ՞: Հո նա չի՞ մտածում՝ այդ թալանված փողը ինչ եղավ»:

Գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ ընդգծեց՝ ինքը միշտ էլ մուծում է և շարունակելու է մուծել: «Ազատության» հարցին՝ պատրա՞ստ է այդ 1000 դրամից ավել էլ վճարել, Ալեքսանյանը, մասնավորապես, ասաց․ - «Միշտ էլ մուծել եմ ու միշտ էլ անելու եմ, ե՞րբ չեմ արել որ»: Մեր դիտարկմանը՝ այս դեպքում ամսական որքա՞ն փոխանցում է անելու, գործարար-պատգամավորն ասաց․ - «Ես մինչև հիմա ում ինչ արել եմ՝ ասե՞լ եմ: Մեր սահմանները պահում են, մեր երեխեքն են, մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ չպիտի անենք»: Հարցին՝ համաձա՞յն է, որ պետք է թալանածն էլ հետ բերել ու ուղղել զինծառայողներին, Ալեքսանյանը արձագանքեց․ - «Էդ ձև հարցեր ինձ մի տուր, ես ո՛չ գիտեմ, որ թալանել են, ոչ գիտեմ՝ չեն թալանել: Ինձի էդ ձև հարցեր մի տվեք»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մինչդեռ, շեշտում է՝ այսօր ընդունված օրենքի նախագիծը խախտում է Սահմանադրությունը և մի քանի օրենքներ: Մասնավորապես, ըստ Հիմնադրամների մասին օրենքի, Հիմնադրամում գումարները հավաքվում են կամավոր սկզբունքով, մինչդեռ այս օրենքով դա արվելու է պարտադրաբար: Բացի այդ, ըստ օրենքի, հիմնադրամը չպետք է շահույթ հետապնդի, մինչդեռ իշխանությունը ժողովրդից հավաքած 1000-ական դրամները նպատակ ունի ներդնել արժեթղթերի մեջ՝ նաև օտարերկրյա բանկերում:

«Եթե փող եք հավաքում, որ մարդուն տանեք օգնեք, այդ փողը կարելի՞ է տանել դնել արտասահմաններում՝ ռիսկային ներդրումային ֆոնդերում: Կարելի՞ է այդպիսի բան անել», - հարցնում է Բագրատյանը:

«Ազատության» հարցին՝ հաշվի առնելով այդ հիմնավորումները, հնարավո՞ր է, որ եթե պատգամավորները դիմեն Սահմանադրական դատարան, հակասահմանադրական ճանաչվի այս օրինագիծը, Բագրատյանը պատասխանեց․ - «Դուք տեսաք քվեարկությունը․ բոլորն ընդունում են, նույնիսկ մեծամասնությունը, որ այստեղ մեծ պրոբլեմներ կան, բայց քվեարկելուց այսպես է ընդունված, որ այդ թեմայով եկեք չխոսենք՝ ես չեմ հասկանում ինչու: Հենց խոսենք այդ թեմայով: Ես սա համարում եմ, ինչ-որ տեղ, նաև քաղքենիություն»:

«Ազատության» հարցին՝ տպավորություն չունի՞, որ պարզապես խնդիր է դրված ամեն գնով գումար հավաքել, Բագրատյանը արձագանքեց՝ «իհարկե, նման խնդիր կա», և չբացառեց, որ իշխանությունները կարող նաև այլ հարկ հորինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG