Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մերձմոսկովյան Գորկի 9 նստավայրում այսօր տեղի է ունեցել Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնական այլ անձինք:
Նիստի օրակարգում էին երկու համաձայնագրեր՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը և Եվրասիական շուկայում դեղերի շրջանառության մասին փաթեթը:
Ենթադրվում է, որ այսօր համաձայնեցված մաքսային օրենսգրքի նախագիծը պետք է հաստատեն Եվրասիական միության անդամ երկրների նախագահները դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում:
Ինչ վերաբերում է դեղերի շրջանառության մասին համաձայնագրին, ապա այն կարող է գործնական օգուտ բերել նաև հայաստանցիներին, որովհետև առնվազն դե յուրե ենթադրում է, որ դեղերի որակը միության անդամ պետությունների շուկայում պետք է համապատասխանի ընդունված միասնական ստանդարտներին, և դեղերը պետք է ավելի մատչելի լինեն:
Բացի այդ, նիստը բացելիս Ռուսաստանի վարչապետը խոսել է այն մասին, որ Իսրայելը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորություն է քննարկում:
ԵՏՄ-ի հետ խորացված համագործակցության շուրջ Ռուսաստանն այսօր բանակցում է նաև Չինաստանի հետ:
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպում, այս պահի տվյալներով, նախատեսված չէ: Կարեն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությունը Հայաստան է վերադառնում վաղը: