Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում գործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։