Բրյուսելն Անկարային մեղադրում է ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու համար։ Այս մասին նշվում է Եվրամիությանը՝ Թուրքիայի անդամակցության պատրաստվածության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած տարեկան զեկույցում, որում ընդհանուր առմամբ գնահատական է տրված Թուրքիայի վարած տնտեսական և քաղաքական բարեփոխումներին։
Փաստաթղթի համաձայն, Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիայում հետընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության։
Զեկույցի Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ պաշտոնական Անկարան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։
«Միևնույն ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են եռակողմ համաձայնագիր ստորագրել ռազմական համագործակցության մասին», - նաև ասված է զեկույցում։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Եվրահանձնաժողովը նկատում է, որ 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել։
Զեկույցի հեղինակները առանձին տողով նաև շեշտում են. -«Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին»։
Փաստաթղթում կրկին խոսվում է հայերի դեմ ատելություն սերմանող հայտարարությունների մասին։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ազգային փոքրամասնություններին ուղղված ատելություն պարունակող ելույթներն ու սպառնալիքները Թուրքիայում շարունակում են մնալ լրջագույն խնդիր։
Թուրքիայում բնակվող հայ համայնքի խնդիրներից զեկույցի հեղինակներն առանձնացնում են նաև Հայոց պատրիարքության առաջարկը՝ երկրի համալսարաններից մեկում հայերի լեզվի ամբիոն բացելու վերաբերյալ, որը խոչընդոտների է հանդիպում։
«100 էջանոց զեկույցում մանրամասն անդրադարձ կա Թուրքիայի՝ հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուց, մինչև նրանցից շատերի ձերբակալությունը։ Այդ ամենը խորը մտահոգություն են առաջ բերում», - ասվում է զեկույցում։
Անդրադառնալով Թուրքիայում վերջին շրջանում ակտիվացած հակաահաբեկչական գործողություններին, Եվրահանձնաժողովը պնդում է, որ երկրի անվտանգության ուժերը ոչ համաչափ ուժ են կիրառել և շատ դեպքերում ոտնահարել մարդու իրավունքները։
Եվրոպական հանձնաժողովի զեկույցը փաստում է, որ Թուրքիան 2016 թվականին ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից։ Փաստաթղթի հեղինակները նաև ոչ բավարար են համարում պաշտոնական Անկարայի ջանքերը՝ Թուրքական օրենսդրությունը Եվրամիության նորմերին համապատասխանեցնելու հարցում։
Եվրամիության գործադիր մարմինը նաև նշում է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվորեն ներգրավված լինի պետական կյանքում։ «Անկախ քաղաքացիական կազմակերպությունները հազվադեպ են մասնակցություն ունենում օրենսդրական գործընթացներում։ Նրանցից ոմանք, այդ թվում՝ իրավապաշտպաններ, ձերբակալվել են և եղել են նաև հավաստի փաստեր սպառնալիքների վերաբերյալ», - ասվում է զեկույցում։
Փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական Անկարայի կոշտ արձագանքը չուշացավ։ «Այդ զեկույցը միակողմանի է և պարունակում է անընդունելի ձևակերպումներ։ Մենք պատրաստ ենք ընդունել կառուցողական քննադատություն, սակայն զեկույցները, որոնք Թուրքիային անկյուն են քշում ընդունել հնարավոր չէ», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը։