Գյումրեցի 27-ամյա Սվետլաննա Շահինյանը 3 երեխաների հետ ազգականների կիսակառույց տանն է ապրում, ծայրը ծայրին հազիվ են հասցնում: «Ապրում ենք 30 հազար դրամ նպաստով, ամուսինս էլ աշխատանք չունի, օրավարձով՝ 1-3 հազար դրամ եթե կարողանում է, էդպես մի կերպ ապրում ենք․․․»:
Ավագ որդին՝ 8-ամյա Վարդանը ոչ թե նոր խաղալիքների մասին է երազում, այլ ընտանիքի հոգսերով է ապրում՝ «Կուզեմ, որ ունենանք տուն, պապան ունենա լավ գործ»: Սվետլաննայի հայրը՝ Լյովան, փորձում է օգնել դստեր ընտանիքին, սակայն, չի կարողանում՝ ոչ աշխատանք ունի, ոչ էլ թոշակ է ստանում: «Չենք ապրում, յոլա ենք գնում»,- ասում է նա:
Շիրակի մարզը, ըստ անցած շաբաթ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալների, ինչպես և նախորդ 5 տարիներին, 2015-ին էլ է ճանաչվել Հայաստանի ամենաաղքատ մարզ: Ինչպես է գնահատում վիճակն ու ինչ ելքեր է տեսնում 45 տոկոսի հասնող աղքատություն ունեցող մարզի ղեկավարը՝ Հովսեփ Սիմոնյանը:
«Ինչ վերաբերում է պետության կողմից աշխատատեղերի ստեղծմանը, մեր ամենամեծ բացը որ ունենք, դա մասնավոր հատվածի խնդիրն է: Ինչքան դպրոցներ ունենք, հիվանդանոցներ ունենք․․․պետական հիմնարկներում կա x թվով աշխատատեղ․․․ էդ մասով մենք առանձնապես մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք:
Եթե վաղը, մյուս օրը կլինի իրավիճակ, որ դպրոցներում ուսուցիչների թիվը կավելանա, դա կլինի էն դեպքում, երբ իրականում մարզի վիճակը կլավանա, արտագաղթը կկանգնի․․․մենք պետք է ստեղծենք մի միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարողանա իրոք ապահովել էդ աշխատատեղերը»,- ասում է մարզպետը:
«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ում ղեկավարած կազմակերպությունը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար օգնություն է տրամադրում արտերկրի բարեգործների միջոցներով, ասում է՝ պաշտոնական թվերի հետ համամիտ է, սակայն, իր տեսած պատկերն այլ է՝ «Դա աղքատություն չէ, թշվառություն է, ծայրահղ վիճակ, երբ այլևս հնարավոր չէ ավելի վատը պատկերացնել»:
Տարիներով ապրելով աղքատության ու թշվառության մեջ՝ մարդիկ արդեն համակերպվել են իրենց վիճակի հետ, շարունակում է Թումասյանն ու հավելում՝ իշխանությունն աղքատության իրական պատկերի լրջությունը չի պատկերացնում: