Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պաշտոնյա․ ԱՄՆ-ում քաղաքականությունը միայն նախագահը չի իրականացնում


Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյու, Երևան, 14-ը նոյեմբերի, 2016 թ․
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյու, Երևան, 14-ը նոյեմբերի, 2016 թ․

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հորդորում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները ՆԱՏՕ-ի և հետխորհրդային երկրների միջև՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Այսօր Երևանում լրագորղների հետ հանդիպմանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին հարց ուղղեցինք՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հասցեին նախընտրական փուլում Թրամփի հնչեցրած քննադատությունը, հնարավո՞ր է, որ դաշինքի ու հետխորհրդային երկրների հարաբերությունները անարոշության փուլ մտնեն:

Ի պատասխան, ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշեց՝ «Կարծում եմ, բոլորս էլ պետք է սպասենք՝ հասկանալու համար, թե ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ի նոր նախագահը: ԱՄՆ-ի պարագայում կարևոր է գիտակցել, որ մենք ունենք ուժեղ ինստիտուտներ, և նախագահի ինստիտուտը միակը չէ, որը որոշումներ է կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Այն համագործակցությունը, որը Հայաստանի հետ ունեն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը, մասնակիորեն որոշվում է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, և մեր կոգրեսականները կանոնավոր կերպով ընդգծել են՝ վճռականորեն սատարում են մեր երկրների հարաբերություններին:

Ես պետական պաշտոնյա եմ, և մեր երկրներում քաղաքական գործիչներն են որոշում քաղաքականության ուղեգիծը: Սակայն, ես որևէ մտահոգություն չունեմ այս առնչությամբ, որովհետև մի քաղաքական գործիչ չի որոշում քաղաքականության ուղղությունը: Պետք է սպասենք՝ տեսնելու, թե որ ուղղությամբ կընթանան զարգացումները»:

Քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքն ու կարծիք հայտնել, թե Վաշինգտոնը պետք է քննարկի հարցը՝ արդյո՞ք արժե օգնության ձեռք մեկնել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները պաշտպանության ոլորտում։ Թրամփի այս հայտարարությունը կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որի համաձայն, դաշինքի ցանկացած անդամի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում՝ բոլոր անդամների դեմ։

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո եվրոպացի գործիչները հրապարակավ արտահայտեցին իրենց մտահոգությունները: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ արեց ԱՄՆ-ի ընտրյալ նախագահին՝ հստակություն մտցնել ՆԱՏՕ-ի հետ Վաշինգտոնի հետագա հարաբերությունների հարցում: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտարարեց՝ ՆԱՏՕ-ին չպետք է վերաբերվել որպես բիզնեսի:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արձագանքելով Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած բացասական տեսակետներին, երեկ նշել է՝ «Այժմ ժամանակը չէ՝ կասկածի տակ դնելու Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը»։

Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ատլանտյան ասոցիացիայի» հիմնադիր Թևան Պողոսյանի խոսքով, եթե Միացյալ Նահանգների նոր նախագահն իսկապես վերանայի ՆԱՏՕ-ի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումը, ապա հետխորհրդային երկրների մասով այն նախևառաջ կհանգեցնի դաշինքի կողմից իրականացվող ծրագրերի կրճատմանը:

«Եթե, օրինակ, 2015-2016 թվականների համար Հայաստան-ՆԱՏՕ շրջանակներում իրականացվում էր 200-ին մոտ ծրագիր, ապա այդ թիվը կարող է դառնալ 50-60: Ինչ-որ չափով իրականացվող ծրագրերի տեմպի և խորացման դանդաղում կարող է տեղի ունենալ, օբյեկտիվ տեսանկյունից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Թևանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG