Մատչելիության հղումներ

Ալիև. Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն


Պաշտոնական Բաքուն հայկական կողմին կրկին սպառնում է նոր պատերազմով։ Շաբաթավերջին Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք ելույթներ է ունեցել նախ զինվորականների հետ հանդիպմանը, ապա նաև Ֆիզուլիի բնակիչների և ամեն անգամ շեշտել, որ «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։

«Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա», - հպարտացել է Ադրբեջանի նախագահը՝ որևէ կերպ չանդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած խաղաղ բանակցություններին, դրանցում ձեռք բերված պայմանավորվածություններին, կամ ղարաբաղյան հարցով առաջիկա օրերին սպասվող հանդիպմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նույն օրը, երբ Ադրբեջանում մեկնարկել է լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը՝ 60 հազար զինծառայողների մասնակցությամբ, նախագահ Ալիևը մեկնել է Ֆիզուլիի շրջանի առաջնագիծ՝ օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով։

Նույն ժամերին ղարաբաղյան կողմը հաղորդում էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական զինուժը կրակահերթերի տակ էր պահում մասնավորապես ապրիլին կորցրած տարածքների հարակից մարտական հենակետերը։

Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե Թեփե կատարած իր այցի ժամանակ, զինվորականների հետ հանդիպմանն, ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները, Ալիևը հայտարարել է, թե ապագայում Ադրբեջանը մտադիր է արտադրել, ինչպես նաև ներկրել այնքան զենք-զինամթերք, որքան անհրաժեշտ է։

«Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է», - ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG