Հայաստանի պաշտպանության նախարարության Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
«2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Ա. Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով մեկ շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: