Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Վալերի Պերմյակովի գործով բողոքների քննությունը


Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված ռուս զինծառայողին դատարան չէին բերել։

Դատավոր Մհեր Արղամանյանը հայտարարեց, որ Պերմյակովից նամակ են ստացել, թե նա չի ուզում մասնակցել նիստերին: Միաժանական նա խնդրում է դրանք առանց իր ներկայության անցկացնել և հայտնում է, որ իր գործով ներկայացված բողոքների դեմ առարկություններ չունի։

Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված Պերմյակովի գործով մի քանի վերաքննիչ բողոք է բերվել։ Դրանցից մեկը դատարան է ներկայացրել Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի վճռի այն հատվածը, ըստ որի Պերմկայովը մեղավոր է ճանաչվել հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու համար։

Մյուս վերաքննիչ բողոքը ներկայացրել է տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Նա պնդում է, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել․ և հարազատները կասկածներ ունեն, որ զինծառայողը միայնակ չի գործել։

Երկրորդ բողոքով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվեց Ռուսաստանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխհատուցման պահանջը։

Քանի որ Պերմյակովը հրաժարվել է մասնակցել մայրաքաղաքում անցկացվող դատական նիստերին, դատարանը կողմերից փորձեց ճշտել նրանց տեսակետը՝ առանց Պերմյակովի դատավարությունն անցկացնելու վերաբերյալ։ Կողմերը, այդ թվում և դատապարտյալի պաշտպանը պնդեցին, որ ռուս զինծառայողի ներկայությունը պարտադիր է։

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը կասկածներ հայտնեց, թե չի բացառվում, որ Պերմյակովը ճնշման տակ է նամակը գրել։

Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, թե այս ատյանում չի կարող պաշտպանել զինծառայողերի շահերը, քանի որ նման թույլտվություն նրանից չունի։

Կես ժամ շարունակված բանավեճը դատավորների, Աղաջանյանի եւ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչների միջև հանգուցալուծվեց դատարանի որոշմամբ․ Մհեր Արղամանյանընամակ կուղղի ռուսական ռազմանազայում պահվող Պերմյակովին՝ փորձելով հստակություն մտցնել նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև պարզել, թե արդյոք Պերմյակովը համաձայն է օգտվել հանրային պաշտպան Աղաջանյանի ծառայություններից։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները շեշտեցին, թե իրենք ևս շահագրգիռ են, որ Պերմյակովը մասնակցի նիստերին։ Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, սակայն, որ ամբաստանյալի իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել իր գործով նիստերին։

Պաշտպան Էդուարդ Աղաջանյանն «Ազատության« հետ զրույցում ասաց, որ Պերմյակովի հետ ամիսներ առաջ է տեսակցել եւ տեղյակ չէ, թե նա ինչու է հրաժարվել իր վերաքննիչ բողոքից․ - «Դա կարող է նշանակել երկու բան: Առաջինը, որ իր համար բացարձակապես միևնույն է, թե ինչ է լինելու: Երկրորդը, տուժող կողմը բողոք է ներկայացրել, որտեղ նշված է, որ խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, գործը ուղարկել նոր քննության առաջին ատյան, քանի որ կասկածում է, որ Պերմյակովը մենակ չի եղել: Պերմյակովն էլ որ նշում է, որ չի առարկում, այսինքն ինչ-որ տեղ ստացվում է, որ ինքը ընդունում է, որ ինքը մենակ չի եղել: Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ Պերմյակովի մասնակցությունը պարտադիր է՝ թեկուզ այդ հարցը ճշտելու համար»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։

XS
SM
MD
LG