Մատչելիության հղումներ

Էմիրությունների ներդրողները հետաքրքրված են Հայաստանով


Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը, նրանց բնորոշմամբ, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:

Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:

Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանություն:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձել հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին և պատմական խորը արմատներ ունեցող այդ հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման և հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար Հրայր Սողոմոնյանին, Արա Խանոյանին և Հարություն Օհանեսյանին նախագահը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG