Մատչելիության հղումներ

Փորձագետները փոփոխություններ են կանխատեսում Հարավային Կովկասում ԱՄՆ մոտեցումներում


Դոնալդ Թրամփի հաղթանակը իր ազդեցությունը կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում ու Հարավային Կովկասում Վաշինգտոնի մոտեցումների վրա, կարծում են հայաստանյան վերլուծաբանները:

«Ազատության» հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն այսօր կարծիք հայտնեց, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կարող է հեռանալ հետխորհրդային տարածքից՝ այն հանձնելով Ռուսաստանի ազդեցությանը:

«Քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստումներ էր տվել դյուրացնել կամ վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի և հավանաբար՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի բռնազավթումը», - նշեց փորձագետը: - «Հնարավոր է, մենք ոչ միայն տեսնենք Ղարաբաղի հարցում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն, այլև ականատես լինենք հակամարտությանն ուղղված Ռուսաստանի նախագահի ինքնուրույն դիվանագիտական նախաձեռնությանը, որի ժամանակ Թրամփն անգամ պատրաստակամություն կցուցաբերի համագործակցել՝ Ռուսաստանին ընձեռելով շատ ավելի մեծ ազդեցություն հետխորհրդային տարածքում: Սա վտանգավոր է տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղի համար», - կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Ըստ Կիրակոսյանի, այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները ևս անցնում են հանրապետականների վերահսկողության տակ, կարող է հնարավորություն տալ Թրամփին՝ ստանալ Կոնգրեսի աջակցությունը այս նոր քաղաքականության հարցում:

«Ազատության» հարցին` նախորդ տարիներիին Կրեմլի նկատմամբ խիստ դիրքորոշումներով հայտնի հանրապետականների կողմից Կոնգրեսում մեծամասնություն ստանալը արդյոք չի՞ հանգեցնի Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության անցկացմանը, վերլուծաբանը արձագանքեց. - «Այո՛, մի կողմից ճիշտ եք․ հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Կոնգրեսը նույն բանը չէ, ինչ Թրամփն է: Նրանց միջև դժվար պայքար է սպասվում: Բայց պետք է հավելեմ, որ հնարավոր է Թրամփը, ձգտելով փոխզիջումների հասնել ներքին քաղաքականությունում, սակավ շահագրգռված լինի գործել միջազգային ասպարեզում»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանի խոսքով, նախընտրական փուլում Դոնլադ Թրամփի հայտարարությունը, որ ԱՄՆ թշնամին «Իսլամական պետությունն» է, կարող է որոշակի փոփոխություններ առաջ բերել ամերիկյան արտաքին քաղաքականությունում՝ Վաշինգտոնի համար հիմնական ուղղություն դարձնելով Մերձավոր Արևելքը: Ըստ վերլուծաբանի, այս հանգամանքը հնարավորություն է բացում ամերիկա-ռուսական համագործակցության համար նաև հետխորհրդային տարածքում, ուր Դոնալդ Թրամփի վարչակազմը կնախընտրի ոչ թե հեռանալ, այլ նոր համաձայնության հասնել Կրեմլի հետ:

«Հնարավոր է, որ Ուկրաինայում նույնպես ինչ-որ համաձայնությունների գան, և հնարավոր է նաև Ուկրաինայում իշխանության փոփոխություն տեղի ունենա. եթե վերջին դեպքերին հետևում եք, այնտեղ շատ լուրջ պրոցեսներ են գնում, և հիմնական շեշտադրումը Ուկրաինայից և Եվրոպայից կամ ետխորհրդային տարածքներից կարող է տեղափոխել Մերձավոր Արևելք: Այս դեպքում հնարավոր է, հարաբերությունները իրոք փոխվեն», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG