Դոնալդ Թրամփը խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը: Այդ մասին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրված մեծահարուստ գործարարը հայտարարեց՝ այսօր Նյու Յորքում ելույթ ունենալով իր աջակիցների առջև:
«Ներողություն եմ խնդրում երկար սպասեցնելու համար, դժվար գործ է, դժվար գործ է։ Շնորհակալ եմ», - ասաց Թրամփը՝ շարունակելով․ - «Ես քիչ առաջ հեռախոսազանգ ստացա պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Նա շնորհավորեց մեզ (այս ամենը մեր մասին է), նա շնորհավորեց մեզ, և ես շնորհավորեցի նրան և նրա ընտանիքին՝ շատ, շատ դժվարին քարոզարշավ վարելու համար։ Ես նկատի ունեմ, որ նա շատ դժվարին պայքար մղեց։ Հիլարին շատ երկար և քրտնաջան աշխատանք է կատարել տևական ժամանակ, և մենք պարտական ենք նրան մեր երկրին մատուցած ծառայությունների համար։ Ես դա շատ անկեղծ եմ ասում»։
«Այժմ ժամանակն է, որ Ամերիկան վիրակապի պառակտման վերքերը, որ միավորվենք։ Այժմ ես դիմում եմ ողջ երկրի հանրապետականներին և դեմոկրատներին և անկուսակցականներին՝ ժամանակն է, որ մենք միավորվենք իբրև միասնական ժողովուրդ։ Ժամանակն է։ Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, և սա շատ կարևոր է ինձ համար», - հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ հավելելով․ - «Ես ձեռք եմ մեկնում նաև բոլոր նրանց, ովքեր որոշել էին ինձ չաջակցել (իսկ նրանց թիվն այնքան էլ քիչ չէր), և խնդրում ձեր օգնությունը և խորհուրդները` այնպես որ մենք կարողանանք աշխատել միասին և միավորել մեր մեծ երկիրը»։
«Մենք ընտրարշավ չէինք վարում, մերը ավելի շուտ մեծ ու փայլուն շարժում էր, որին մասնակցում էին միլիոնավոր աշխատասեր կանայք ու տղամարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը և ցանկանում են ավելի լավ ու պայծառ ապագա և' իրենց համար, և' իրենց ընտանիքների համար։ Սա տարբեր ռասաների, կրոնների, հավատքի պատկանող ամերիկացիներից կազմված շարժում է, ամերիկացիների, որոնք ցանկանում են և ակնկալում են, որ մեր կառավարությունը ծառայի ժողովրդին, և այն կծառայի», - ասաց Միացյալ Նահանգների նախագահ ընտրված 70-ամյա գործիչը: - «Մենք սկսելու ենք իրականացնել մեր երկիրը վերակառուցելու և ամերիկյան երազանքը նորացնելու հրատապ առաջադրանքը։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ բիզնեսում՝ փորձելով գտնել չօգտագործված հնարավորություններ տարբեր նախագծերում և մարդկանց մեջ։ Ես դա արել եմ աշխարհով մեկ։ Այժմ ես ուզում այդ ամենը անել մեր երկրի համար»։
«Մենք լուծելու ենք մեր քաղաքների հիմնահարցերը, վերակառուցելու ենք մեր արագընթաց ճանապարհները, կամուրջները, թունելները, օդանավերը, դպրոցները, հիվանդանոցները։ Մենք կառուցելու ենք մեր ենթակառույցները, որոնք կլինեն լավագույնը», - խոստացավ Թրամփը՝ վստահեցնելով․ - «Երազանքը չի կարող շատ մեծ լինել։ Չկա այնպիսի մարտահրավեր, որ անհաղթահարելի լինի։ Չկա այնպիսի բան, որ մենք ցանկանանք մեր ապագայի համար և դա անհասանելի լինի մեզ։ Ամերիկան այլևս չի համաձայնի որևէ բանի, որը լավագույնը չէ։ Մենք պետք է տիրանանք մեր երկրի ճակատագրին և ունենանք մեծ, համարձակ ու հանդուգն երազանքներ: Մենք պետք է դա անենք։ Մենք պետք է նորից սկսենք գեղեցիկ, հրաշալի ու հաջողակ բաներ երազել մեր երկրի համար»։
«Մենք հրաշալի տնտեսական ծրագիր ունենք։ Մենք կրկնապատկելու ենք մեր տնտեսական աճը և կստեղծենք աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը։ Միաժամանակ, մենք նորմալ հարաբերություններ կունենանք երկրների հետ, որոնք կցանկանան նորմալ լինել մեզ հետ։ Մենք հրաշալի հարաբերություններ կունենանք, մենք ակնկալում ենք հրաշալի հարաբերություններ», - հայտարարեց նա:
«Ես ցանկանում եմ ասել համաշխարհային համայնքին, որ թեև մեզ համար Ամերիկայի շահերը առաջնային են լինելու, մենք նաև արդար ենք վերաբերվելու բոլորին, բոլոր ժողովուրդներին և բոլոր մյուս երկրներին։ Մենք կձգտենք ընդհանուր հող գտնել, ոչ թե թշնամանք, գործընկերություն, ոչ թե հակամարտություն», - հայտարարեց Դոնալդ Թրամփը: