Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան․ Նոր նախագահի 1915-ի իրադարձություններին ԱՄՆ-ի գնահատականը կարող է փոխվել


Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատության» ստուդիայում: 8-ը նոյեմբերի, 2016 թ․
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատության» ստուդիայում: 8-ը նոյեմբերի, 2016 թ․

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Հայոց Ցեղասպանության թեմայի չարծարծումը Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենևին չի նշանակում, որ խնդիրը Վաշինգտոնի օրակարգում չէ:

Ավելին, փորձագետի կարծիքով, նոր նախագահի պաշտոնավարման օրոք 1915-ի իրադարձություններին Միացյալ Նահանգների գնահատականը կարող է փոխվել․ - «Մենք տեսնում ենք, որ այս ընտրությունները տարբեր են նաև Հայոց ցեղասպանության առումով, քանի որ թեկնածուները չափազանց կենտրոնացած են եղել ներքին, ներքաղաքական իրադարձությունների վրա: Արտաքին քաղաքականության թեմաներով արծարծվել է միայն Ռուսաստանի և Սիրիայի թեման: Սա, իհարկե, չի նշանակում, որ հայկական լոբբին թուլացել է: Պարզապես բուն ամերիկյան քաղաքականության բնույթը այս պահին մի փոքր այլ է։ Այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ առաջին անգամ է, որ ամերիկյան հաջորդ նախագահը առաջընթաց կարձանագրի Ցեղասպանության առումով, որովհետև Ամերիկան այս պահին Թուրքիայում իշխող վերնախավից հիասթափված է, և դա կարող է ազդեցություն ունենալ»:

Կիրակոսյանը կարծում է, որ Դոնալդ Թրամփի հայտնի կապերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թեև վտանգներ պարունակում են, բայց Թրամփի ընտրության դեպքում, այս հանգամանքը էական ազդեցություն չի ունենա․ - «Կան փաստեր, որոնք ապացուցում են, որ Թրանփը հստակ կապեր ունի նախագահի Ալիևի և նրա վարչախմբի հետ: Մյուս կողմից, սակայն, պետք է հասկանանք, որ դա նրա համար դժվար կդարձնի ինչ-որ առումով ներգրավվածություն ունենալ ղարաբաղյան հարցում և փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ որպես անկողմնակալ միջնորդ: Պետք է հասկանանք նաև, որ ամերիկյան քաղաքականությունը, անկախ այն բանից, թե ով է նախագահը՝ Թրամփը, թե Քլինթոնը․․․ Նախագահը միայն մեկ վեկտորն է և նա չի կարող միայնակ ամբողջ ամերիկյան քաղաքականությունը շուռ տալ այս կամ այն ուղղությամբ, որովհետև ամերիկյան ժողովրդավարական հաստատությունները՝ ասենք, Կոնգրեսը և այլ ինստիտուտները, չեն կարող թույլ տալ, որպեսզի ամերիկյան ամբողջ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում 180 աստիճանի շրջադարձ կատարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG