Մատչելիության հղումներ

Պաշտպանություն նախարարը նախագահին ներկայացրել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության նոր ծրագիրը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր «ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է զոհված եւ հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին։

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Պաշտպանության նորանշանակ նախարարը շեշտել է, որ հնարավոր է դարձնել գտնել մի բանաձև, որով 2017 թավականի հունվարի 28-ից հետո ծագող դեպքերի համար կնախատեսվեն զգալիորեն ավելացված վճարներ։

«Մենք հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ ենք ծրագրի կառուցվածքը ընթացել՝ այն առումով, որ յուրաքանչյուր քաղաքացի, և մենք տեսել ենք մեր հասարակության արձագանքը վերջին դեպքերի, ապրիլյան դեպքերի ժամանակ, իրականում դա մի հնարավորություն է, որ հասարակությունը կազմակերպված ձևով համախմբվի այն անձանց շուրջ և նրանց ընտանիքների շուրջ, որոնք կյանք են զոհել կամ իրենց առողջությունն են կորցրել հայրենիքը պաշտպանելիս», - ասաց Պաշտպանության նախարարը:

Ծրագիրը մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքերին է վերաբերում: Նախարարի ներկայացմամբ՝ զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 միլիոն դրամ ապահովագրական վճար։

Ամսական ապահովագրական վճարները, ինչպես ներկայացրեց նախարարը, կլինեն տարբեր․ - «Սպայական անձնակազմի դեպքում 300 հազար դրամ ամսեկան, իսկ երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար, ենթասպաներին պարագայում՝ 250 և համապատասխանաբար 150, և շարքային զինծառայողների պարագայում համապատասխանաբար այդ գումարը կկազմի 200 և 100 հազար դրամ»:

Այս գումարները նախատեսվում է վճարել 20 տարի: Ըստ պաշտպանության նախարարի, սպայական անձնակազմի համար այն կկազմի 82 միլիոն դրամ, ենթասպայական անձնակազմի դեպքում՝ 70 միլիոն դրամ, և շարքայինների դեպքում՝ 48 միլիոն դրամ։

Ուշագրավ է, որ սոցիալական ծրագիրը ֆինանսավորվելու է ոչ թե պետական բյուջեից, այլ այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամից: Ըստ Պաշտպանության նախարար Սարգսյանի, աշխատող յուրաքանչյուր անձ կվճարի ամսական 1.000 դրամ։ Նվազագայուն աշտավարձ ստացողների դեպքում, Վիգեն Սարգսյանի խոսքով, այնպես կանեն, որ այդ հազար դրամը նրանց վրա չանդրադառնա:

«Հիմնադրամը ունենալու է հոգաբարձուների խորհուրդ հասարակության մեջ հարգանք վայելող և վստահություն վայելող անձնաց թվից» - հավելել է Պաշտպանության նախարարը:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, անդրադառնալով հաջորդ տարվանից մեկնարկող ծրագրին, կարևորել է պետության դերակատարությունը զինծառայողների սոցիալական աջակցության հարցում և այս ամենի իրագործման հարցում քաղաքացիների օգնությունը․ - «Եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ»:

Թե՛ նախագահը, թե՛ պաշտպանության նախարարը, հիշատակելով ապրիլյան դեպքերից հետո տարբեր նախաձեռնությունների, դրամահավաքների մասին՝ ուղղված քառօրյա պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին, շեշտել են, որ պետք է այդ մարդկանց առաջարկել իրենց գումարները կամավորաբար հատկացնել այս հիմնադրամին։

«Այդ բոլոր մարդկանց պետք է առաջարկել․․․ եկեք, հիմնադրամում մուծումներ արեք, մասնաբաժին տվեք, թափանցիկ: Ստուգեք, ինքներդ հետևեք: Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը», - ասել է երկրի նախագահը:

Նա հատուկ շեշտել է, որ ելքեր են փնտրում նաև նախկինում զոհվածների ընտանիքներին ուղղված սոցիալական օգնության չափը բարձրացնեռլու ուղղությամբ։

Ինչո՞ւ այս ծրագիրը չի վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների և հաշմանդամ դարձածների ընտանիքներին: Այս և այլ հարցերի Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ։

«Ինչո՞ ւ են այս ծախսերը կատարվելու աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրի քաղաքացիների գրպանի հաշվին, այն դեպքում, երբ իշխանությունը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելով կարող է բյուջեի եկամուտներն ավելացնել ու իսկապես կարևոր այս ոլորտի հարցերը լուծել պետբյուջեի հաշվին», - «Ազատության» հետ զրույցում իշխանության այս նախաձեռնությունը քննադատեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը․ - «Հենց պետական բյուջեն պիտի հանդիսանա նման խնդիրների լուծումը: Այլ այդ խնդիրների լուծման բեռը նույնպես դնում է քաղաքացիների վրա: Այսինքն իր անգործությունը փորձում է փոխհատուցել, կոմպենսացնել քաղաքացիների նկատմամբ լրացուցիչ բեռ դնելով: Սա ինքը արատավոր է, հենց դրանից է բխում պոպուլիզմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG