Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի Օդեսա նահանգի ղեկավարի պաշտոնը լքելու մասին: Շուրջ մեկուկես տարի Օդեսայի նահանգապետի պաշտոնում աշխատելուց հետո ուկրաինական իշխանությունների հասցեին կոշտ մեղադրանքների տարափ հնչեցնելով, Սաակաշվիլին ասում է՝ հեռանում է, բայց պայքարը չի դադարեցնի:
Վերջին կաթիլը, ինչպես նշում է նա, երկրում բուռն քննարկումների տեղիք տված ուկրաինացի պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումն էր: - «Ես այստեղ մոնղոլական խանի պես վրաններ եմ տեղադրում և կոպեկներ մուրում ճանապարհների համար, որոնք չեն վերանորոգվել տասնամյակներով, այն դեպքում, երբ նրանք հայտարարագրեր են հրապարակում, որտեղ իրենց կարիքների համար ավելի շատ փող է նախատեսված, քան պետք է այս և այլ շրջանների ճանապարհների համար: Սա աշխատանք չէ, այս ամենն ինձ ձանձրացրել է, և ես շատ հոգնել եմ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին առաջնորդը, ով Ուկրաինա տեղափոխվեց Մայդանից հետո, նախ՝ որպես նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ, այսօր իր համակիրների հետ հանդիպմանը խոստովանեց․ - «Ինձ երբեք այնքան չեն խաբել, որքան Ուկրաինայում: Ինձ հատկապես ձանձրացրել են Պորոշենկոյի չիրականացվող խոստումները»:
Մինչդեռ Պորոշենկոն Ուկրաինայի իշխանության ղեկը ստանձնելուց անմիջապես հետո դեռևս ուսանողական տարիներից իրեն ծանոթ Սաակաշվիլիին ու իր թիմին հրավիրեց Ուկրաինա՝ խնդրելով վրացական փորձը ներդնել նաև Վրաստանում՝ մասնավորապես երկրում առկա կաշառակերությունը վերացնելու գործում:
Մինդեռ այսօր Սաակաշվիլին պնդել է, թե Պորոշենկոյի թիմը և աշխատաոճը ոչնչով չեն տարբերվում Յանուկովիչից․ երկուսն էլ, ըստ նրա, որևէ ցանկություն չունեն պայքարելու Ուկրաինան խորտակող կոռուպցիայի դեմ: Չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, և «ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում»: «Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար, թե ով իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկո՞ն, թե՞ Յանուկովիչը», - նաև հայտարարել է Սաակաշվիլին։
Օդեսայի նահանգապետի պաշտոնը ստանձնելու համար Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված Միխեիլ Սաակաշվիլին մեկուկես տարի առաջ հայտարարում էր Օդեսայում արմատական բարեփոխումներ անցկացնելու մասին: Շատերն էին այն ժամանակ վստահ, որ Վրաստանում հաջողած Սաակաշվիլին կհաջողի նաև Օդեսայի նահանգում, և այդ առումով Օդեսայում Սաակաշվիլիի նշանակումը պատահական չէր. նրան էր հանձնարարված Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխներից մեկի դեմ պայքարը՝ Օդեսայում լայն գործունեություն ծավալող Իգոր Կոլոմոյսկու դեմ: Այդ պայքարը, ինչպես այսօր ամփոփում է ուկրաինական մամուլը, ինչ-որ չափով հաջողվեց, սակայն Օդեսայի նահանգապետը շուտով խնդիրներ ունեցավ նաև Կիևի հետ․ Պորոշենկոյի ամենամերձավոր թիմակիցներին՝ նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին Սաակաշվիլին հրապարակայնորեն գող ու ավազակ անվանեց: Մեկը մյուսին հաջորդող սկանդալներին զուգահեռ մամուլն արդեն ամիսներ առաջ գրում է Սաակաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին:
Այդ խոսակցություններն է՛լ ավելի ակտիվացան Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, որտեղ Սաակաշվիլիի գլխավորած քաղաքական ուժը փորձում էր վերականգնել երբեմնի իշխանությունը, ինչը սակայն չհաջողվեց:
Վրաստանի նախկին ղեկավարը, ում դեմ հայրենիքում մի շարք քրեական գործեր են հարուցված, չի շտապում հստակեցնել, թե ինչով է զբաղվելու պաշտոնը լքելուց հետո: Նրա համախոհներից՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Դավիդ Սակվարելիձեն հայտարարում է, որ Սաակաշվիլին չի հեռանա Ուկրաինայից և քաղաքական պայքար կսկսի հենց Ուկրաինայում: Ի դեպ, այսօր հրաժարական է տվել նաև Օդեսայի շրջանի ոստիկանապետ Գիորգի Լորտկիպանիձեն, ով նույնպես համարվում է Սաակաշվիլիի մերձավոր թիմակիցը:
Պաշտոնական Կիևն առայժմ չի մեկնաբանել այս աղմկահարույց հրաժարականները: Անարձագանք են մնում նաև նահանգապետի մեղադրանքները Ուկրաինայի իշխանությունների հասցեին: