Մատչելիության հղումներ

Իսլամիստական ծայրահեղականության համար Ուզբեկստանում դատապարտված հայի մայրը դիմում է Հայաստանի օգնությանը


Ֆլորա Սաքունցը, ում որդին ազատազրկման է դատապարտվել Ուզբեկստանում, լրագրողների հետ հանդիպմանը Երևանում: 4-ը նոյեմբերի, 2016 թ․
Ֆլորա Սաքունցը, ում որդին ազատազրկման է դատապարտվել Ուզբեկստանում, լրագրողների հետ հանդիպմանը Երևանում: 4-ը նոյեմբերի, 2016 թ․

Իսլամիստական ծայրահեղականության և այլ ծանր մեղադրանքներով Ուզբեկստանում 7 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Արամայիս Ավագյանի մայրը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ ասելով, թե միայն ուզբեկական ղեկավարության վրա ճնշման դեպքում որդին կարող է ազատ արձակվել:

«Խնդրում եմ, որ Հայաստանը մեզ օգնի, էրեխուս օգնի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց օրեր առաջ Հայաստան եկած Ֆլորա Սաքունցը:

Մայրը պատմում է, որ մեկ տարի առաջ որդու դեմ սկսված հետապնդումների պատճառը այն է, որ Ուզբեկստանի Պախտակորի շրջանի նախկին ղեկավարը ցանկացել է խլել Ավագյանի հիմնած ձկնաբուծարանը և հանդիպել դիմադրության․ - «Քաղաքապետը կանչում ա որդուս, որ պտի ձկնաբուծարանը ինձ տաս: Որդիս, արժանի հայ լինելով, արժանապատիվ ասել ա՝ չեմ տալու, ես պտի ծաղկացնեմ էդ ձկնաբուծարանը»:

34-ամյա Ավագյանի գործի մասին առաջինը բարձրաձայնած լրագրող Անուշ Մարտիրոսյանը պատմեց, որ Արամայիսին ու նրա գործընկերների գլխին պարկ քաշելով տեղափոխել են Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Ընտանիքը 40 օր տեղեկություն չի ունեցել որդուց, նրան տեսակցելու հնարավորություն չի ունեցել նաև փաստաբանը: Միայն ավելի ուշ պարզվել է, որ քրիստոնյա Արամայիս Ավագյանը մեղադրվում է իսլամիստական ծայրահեղականության ու այլ հանցանքների մեջ:

«Իսլամիստական ծայրահեղականության մեղադրանքի հիմքում նրա մորուքով լուսանկարն է, որը արվել էր իր հարազատ եղբոր քառասունքի օրը: Այդ լուսանկարում պատկերված են նաև գերդաստանի մյուս տղամարդիկ: Փաստորեն Ուզբեկստանի իրավապահներին հնարավոր չի եղել բացատրել, որ հայերը սովորաբար նման դեպքերում մորուք են պահում, և որ դա չի կարող համարվել ապացույց», - ասաց Մարտիրոսյանը:

Բացի մորուքով լուսանկարից՝ որևէ այլ ապացույց, ըստ Մարտիրոսյանի, գործում չկա:

Հետապնդվել ու 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև Արամայիսի շահերը պաշտպանող փաստաբանը, սակայն ավելի ուշ ազատ արձակվել:

Ավագյանի մայրը պատմում է, որ ձերբակալությունից հետո որդուն խոշտանգել են՝ փորձելով ինքնախոստովանական ցուցմունք կորզել, բայց, ի տարբերություն նույն գործող մեղադրվող երեք այլ անձանց, Ավագյանը հրաժարվել է, ինչից հետո, մոր պնդմամբ, ենթարկվել է խոշտանգումների:

Իրավապաշպան Վարդան Հարությունյանի կարծիքով, թեև Արամայիսն Ուզբեկստանի քաղաքացի է, սակայն նրա հայազգի լինելը բավարար է, որպեսզի Հայաստանի իշխանությունները զբաղվեն նրա խնդրով․ - «Հայաստանը իրավունք ունի իր հայրենակիցների շահերը պաշտպանելու: Եվ պարտավորություն ունի: Արտգործնախարարության մակարդակով միշտ փորձ եղել է միջամտել: Ուղղակի, չգիտես ինչու, Հայաստանը իր փորձերն անելիս շատ վախվորած է: -Ճնշումներ արտգործնախարարության վրա եղել են, և արտգործնախարարությունը թույլ փորձեր արել է»:

Դիմելով Ավագյանի մորը՝ Հարությունյանը շարունակեց․ - «Հիմա Ձեր նակամից հետո և Ուզբեկստանում ստեղծված որ իրավիճակից հետո չի բացառվում, որ էդ փորձերը լինեն մի քիչ ավելի համարձակ և արդյունավետ»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանի և այլ գործիչների ու կառույցների արձագանքը Արամայիսի գործի վերաբերյալ, արդեն դրական արդյունքն է տվել․ - «Ստիպեցին ավելի քիչ պատժաչափ կիրառել Արամայիսի նկատմամբ: Մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել, բայց դատարանը ի վերջո 7 տարի դատապարտեց: Դա ևս աննախադեպ է Ուզբեկստանի համար»:

Շուրջ մեկ ամիս առաջ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո նրա պաշտոնակատարի հրամանով արդեն հեռացվել են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արամայիս Ավագյանի գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը, ինչպես նաև այն համայնքապետը, ով ըստ Ավագյանի հարազատների՝ փորձել էր խլել նրա բիզնեսը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG