Մատչելիության հղումներ

Կարեն Նազարյան․ Հայաստան - ԵՄ շրջանակային համաձայնագիրը հավանաբար կստորագրվի 2017-ի առաջին եռամսյակում


Հայաստանի փոխարտգործնախարարը այդ մասին ասաց այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«Գաղտնիք չէ, որ նաև այս բանակցությունների ընթացքում մենք փորձում ենք անել ամեն ինչ, համատեղել տարրերը՝ ի հայտ բերելու ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) անդամակցության առումով, մի կողմից, մյուս կողմից՝ Եվրոպայի հետ մեր ապագա համագործակցության տեսանկյունից», - հավելեց Կարեն Նազարյանը:

Դիվանագետի խոսքով, հատկապես կարևոր է դեկտեմբերին կայանալիք բանակցային փուլը:

Հայաստանի արտգործնախարարությունում լավատես են։ Հիշեցնենք, Եվրամիության հետ բանակցված նախորդ՝ Ասոցացման համաձայնագիրը տապալվեց երեք տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը անդամակցելու անսպասելի հայտարարությունից հետո։

Փոխարտգործանախարար Կարեն Նազարյանը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանն էր մասնակցում:

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախ շեշտեց, որ թեև արտգործնախարարությունում հայտարարում են, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար առաջնային է, բայց կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության բլոկում այն 15-րդ տեղում է։

Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հիմա բանակցվող փաստաթղթում տնտեսական համագործակցության ինչ հարցեր են քննարկվում․ - «Տնտեսական բաղադրիչը ի՞նչ ծավալով է լինելու, որովհետև, այո, Մաքսային միության, կներեք, խերը չենք տեսել առայժմ: Հույս ունենք, որ կտեսնենք: Բայց Եվրոպական միության հետ հարաբերություններում, տնտեսական բաղադրիչում, ցավոք սրտի, շատ բան կորցնում ենք»:

Նազարյանը պատասխանեց, որ Եվրամիության հետ նախկինում բանակցված փաստաթղթի տնտեսական բաղադրիչը փոխարինվել է համահունչ առևտրի բաղադրիչով։

Հաջորդ հարցը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ուղղեց․ նա քննադատեց արտգործնախարարության ծրագիրը, ասելով, որ այն «ջրառատ է»․ - «ԱՊՀ երկրների հետ՝ խորացմանը, Չինաստանի հետ՝ զարգացմանը, Արևելքի երկրների հետ՝ շարունակմանը, Ամերիկայի երկրների հետ՝ զարգացմանը, մասնակցության, ձևավորմանը․․․ Քսան հատ մասնակցմանը, զարգացմանը, նպաստմանը: Էս ձևի ծրագիր, ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա»:

Փոխարտգործնախարարը համաձայն չէր․ - «Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ: Ես հարգում եմ այլընտրանքային կարծիքը, քննադատելու Ձեր իրավունքը, բայց, բնականաբար, չեմ կիսում այն, ինչի մասին քիչ առաջ Դուք խոսեցիք»:

Արամ Մանուկյանը նաև դժգոհեց, որ գրեթե մեկ ամիս առաջ քննարկման օրն ու ժամը հայտնի էր, բայց արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կրկին բացակայում է և ուղարկում տեղակալին:

Նրան միացավ նաև Նաիրա Զոհրաբյանը, ում հարցը՝ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը, հարուցեց պատգամավորներից շատերի ծիծաղը:

«Այս պահին նախարարը գտնվում է Գերմանիայում՝ պաշտոնական այցելությամբ: Ունի հանդիպումներ կառավարության անդամների հետ: Եվ մոտ օրերս կվերադառնա», - արձագանքեց փոխնախարարը:

Հաջորդ քննարկմանը արդեն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էր եկել պատասխանելու հարցերին և ներկայացնելու բյուջեն: Պատգամավորներին նախապես զգուշացրեցին, որ արտգործնախարարը երկրում չէ՝ կանխելու համար «Որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը» հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG