Թեև Եվրասիական տնտեսական միության հիմնական հրապարակային կարգախոսներից մեկը ապրանքների ազատ տեղաշարժն է, ինչը ենթադրում է, որ գների էական տարբերություն չպետք է լինի, սակայն Ռուսաստանից ներմուծված ալյուրը Հայաստանում վաճառվում է եռակի թանկ:
Եթե Ռուսաստանում ալյուրի մեկ կիլոգրամն արժե 100-150 դրամ, Հայաստանում այն վաճառվում է 550-600 դրամով: Տեղական արտադրության ալյուրի մեկ կիլոգրամը վաճառվում է 240-300 դրամով:
Տնտեսագետ Հայկ Գևորգյանի կարծիքով, այստեղ մենաշնորհ չկա․ - «Ուղղակի շուկայի կենտրոնացածությունը: Այո, եթե որևէ ապրանքի շուկայի 98 տոկոսը զբաղեցնում է մեկը, իսկ 2 տոկոսը զբաղեցնում են, ասենք, 60 այլ տնտեսվարողներ, ասում են, որ ահա, տեսեք, մենաշնորհ չկա․ 61 տնտեսվարող շուկայում գործում է: Սամվել Ալեքսանյանին պատկանում է Հայաստանի խոշորագույն ալրաղացներից մեկը, և Հայաստանում սպառվում է հիմնական նրա արտադրանքը»:
Մինչդեռ Եվրասիական տնտեսական միության անդամակցելիս Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ դրանից կշահեն շարքային քաղաքացիները, մեծ շուկաներ ու մեծ հնարավորություններ են բացվում:
Այսօր «Ազատության» թղթակցի այցելած բոլոր խանութներում վաճառվում էր միայն «Ալեքս Գրիգ» ընկերության Բաղրամյանի ալրաղաց գործարանի ալյուրը: Որոշ խանութներում վաճառվում էր նաև ռուսաստանյան արտադրության ալյուր, որի գինը շոշափելիորեն բարձր էր տեղականից:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանն «Ազատության» հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ - «Հանձնաժողովի լիազորությունները տարածվում են միայն այն ընկերությունների վրա, որոնք ունեն շուկայում գերիշխող դիրք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ցորենի մեծ ներմուծումներ իրականացնող և ալյուրի մեծ արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» և «Ալեքս Գրիգ» ընկերություններին: Հանձնաժողովը ուսումնասիրում է այս ընկերությունների վարքագիծը, նրանց կողմից կիրառվող գնային քաղաքականությունը և դրա հիմնավորվածությունը, քանի որ այս ընկերություններն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ»:
Այս երկու խոշոր ընկերությունների գործունեությունը, ըստ պաշտոնյայի, չի խանգարում, որ ցանկացած ընկերություն Հայաստան էժան գնով նույն Ռուսաստանից ցորեն կամ ալյուր ներմուծի, բայց, չգիտես ինչու, նրանք դա չեն անում․ - «Էդ հարցին ուղղակի պատասխան ես տալ չեմ կարող: Կարող եմ նշել, որ դա ի վերջո տնտեսվարողների որոշելիքն է: Մենք, որպես պետական մարմին, տվյալ ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, ևս մեկ անգամ նշում են, որ այդ ոլորտում սահմանափակումներ չկան»:
Հայկ Գևորգյան․ - «Եթե ներքին արտադրողի պաշտպանության խնդիր կա, թող ներքին արտադրողը ներդրումներ անի, արդիականացնի իր ալրաղացը, որպեսզի իր արտադրանքը ինքնարժեքով ավելի ցածր լինի: Բայց դա չի անի երբեք, այլ ուղղակի հորդորելով, խնդրելով, վախացնելով, այլ եղանակներով կփակի ալյուրի ներկրումը, ու ինքը, ինչպես միշտ, կդառնա գրեթե մոնոպոլիստ տվյալ շուկայում ու հսկայական գումարներ կգրպարնի»:
Իհարկե, կարելի է ասել, թե ալյուրը պետք է արտադրել Հայաստանում, որպեսզի ապահովվեն աշխատատեղեր, զարգանա տնտեսությունը:
Հայկ Գևորգյանը սա ծիծաղել է համարում․ ֊ «Շահերի բախում, եթե դասական ձևակերպումով վերցնեն, իհարկե, չկա, որովհետև մենք միևնույն տնտեսական տարածքում ենք, էստեղ չեմ կարծում, որ պիտի խոսենք շահերի բախման մասին: Էստեղ կա ավելի էժան ինքնարժեքով միևնույն ապրանքը տնտեսական տարածքում ազատ տեղաշարժվելու հնարավորությունից օգտվելու տարբերակ: Մենք դա չենք անում: Կա ուղղակի շահերի բախում մոնոպոլիստների, օլիգարխների և փոքր տնտեսվարողների միջև»:
Խանութների վաճառողները, ի դեպ, այսօր «Ազատության» հետ զրույցում նաև ասում էին, որ հրաժարվում են շաքարավազի վաճառքից, քանի որ իրենք չեն կարող այն վաճառել այն գնով, որով վաճառում են ցանցային սուպերմարկետները: