Եկող տարի աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում չի լինի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ կառավարության համար հիմա կարևորը տնտեսական աճ ապահովելն է, ինչն էլ ապագայում կնպաստի թոշակների ու նպաստների բարձրացմանը, բայց, մինչ այդ, նախարարը ժողովրդին խորհուրդ տվեց հույսով ապրել։
«Ընդհանրապես հույսը վատ բան չէ, անհույս մարդիկ՝ հուսալքված մարդիկ անարդյունավետ են... և ընդհանրապես հանրությունը, եթե հուսալքված է լինում, փոքրանում են հնարավորությունները, որպեսզի դու ապագայում առաջ ընթանաս, բայց հույսն առանց գործողությունի ևս պրոբլեմային է, դրա համար մենք կկատարենք գործողություններ հանրության հույսը, կարծում եմ, կարթնանա», - ասաց Արամյանը։
Ֆինանսների նախարարն ընդունում է, որ թոշակների ու նպաստների բարձրացման կարիք կա, օրինակ, կենսաթոշակը Հայաստանում ցածր է։ «Ազատության» հարցին, թե թոշակառուներն ինչպե՞ս ապրեն, Արամյանը պատասխանեց. - «Ես գիտեք, չեմ ցանկանում հանրությանը կերակրեմ բացառապես հույսերով, դրա համար, ես Ձեզ խնդրում եմ, ընդամենը մեկ ամիս է, որ թևակոխել ենք մեր աշխատանքի փուլը, մենք կապրենք, կտեսնենք»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ թեև թոշակները և նպաստները չեն բարձրանա, բայց մարդկանց կենսամակարդակը կբարելավվի, քանի որ գազի և էլեկտրաէներգիայի գները իջնելու են։
«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը այլևս անապահով խավերին չտա այն 1000 դրամները, որոնք, որպես փոխհատուցում, տրվում էին գազի գնի բարձրացումից հետո, նա պատասխանեց. - «2017 թվականի պետական բյուջեի նախագծում 1.1 միլիարդից ավելի միջոց լրացուցիչ հատկացված է կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստին, այսինքն, այն, ինչ-որ ավելացվել է, բնականաբար, դրան համապատասխան միջոցներ են ավելացվել 17 թվականի բյուջեում», - ասաց Ասատրյանը։
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցութան քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ այս պայմաններում Հայաստանին դեմոգրաֆիկ աղետ է սպառնում՝ մարդիկ շարունակում են արտագաղթել, ինչի հետևանքով թոշակառուների թիվն ավելանում է, իսկ բյուջեի մուտքերը՝ պակասում։
«Մի տարի, տարիուկես առաջ այդ գումարը 30 հազար դրամ էր, դրանից առաջ ինքնաթիռով էին գնում, մի 300 դոլար էր, հիմա 10 հազար դրամ է. մեր իշխանությունները մտածում են ժողովրդին ապահով, հանգիստ, էժան Հայաստանից տեղափոխելու մասին։ Սա իհարկե զավեշտ, բայց դրա արդյունքում՝ այդ տեղափոխման արդյունքում Հայաստանին սպասում է դեմոգրաֆիկ կատաստրոֆա, սոցիալական բնագավառում և Ձեր ասած բնագավառում ամենաշատն է երևալու այդ կատաստրոֆան», - ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակի պատճառը կառավարությունների ձախողումն է։ «Շարժ չկա, որի արդյունքում բյուջե մուտք լինի, եկամուտներ լինեն և այդ եկամուտները բաշխվեն, իսկ եկամուտները որտեղի՞ց են լինում՝ հարկերից, ներդրումներից, տրանսֆերտներից, ծրագրերի իրականացումից, ոչ մեկը չկա», - ասաց Մանուկյանը։
Ֆինանսների նախարար, Հանրապետական Վարդան Արամյանը համաձայն չէ, որ իրենց կառավարությունը ձախողել է, կարծում է իրենց թիմին կհաջողվի իրավիճակ փոխել, իսկ հանրությունը իր գնահատականը կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ իրենք վստահության քվե են ուզելու։