Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման հարցեր


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների խրախուսումը։

Նալբանդյանը նշել է, որ իր այցը Ջակարտա միտված է է՛լ ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները:

Նախարարները շեշտել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը՝ այդ համատեքստում արժևորելով այս այցի շրջանակներում ստորագրվելիք արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։

Նախարարները գոհունակություն են հայտնել նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների կրթական հաստատությունների՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Նալբանդյանն ու Մարսուդին անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրել է այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռետնո Մարսուդին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։

Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG