Լիբանանի խորհրդարանն այսօր երկրի նոր նախագահ է ընտրել Զինված ուժերի նախկին հրամանատար 80-ամյա Միշել Աունին: Պաշտոնաթող գեներալի օգտին է քվեարկել 128-հոգանոց խորհրդարանի անդամների կեսից ավելին:
Այսպիսով, Լիբանանում ավարտին է մոտեցել շուրջ 30 ամիս շարունակված ներքաղաքական ճգնաժամը, որի ընթացքում երկրի քաղաքական ուժերն ու տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր նախագահի թեկնածության շուրջ:
Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնը մշտապես զբաղեցնում է քրիստոնյա մարոնիտների համայնքի ներկայացուցիչը: