Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, 60 միլիմետրանոց ականանետեր և նռնականետեր։
«Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում»,- հայտարարել է ԼՂ պաշտպանության բանակը։
Ըստ ԼՂ ՊԲ հաղորդագրության՝ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս․ «Նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- հայտարարում է ղարաբաղյան կողմը։
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է ներքաղաքական խնդիրներ լուծել և, միևնույն ժամանակ, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել։ «Սա իրենց ոճն է, ուրիշ տարբերակ չկա։ Այդպես են անում, որ վաղն արդարացնեն զինադադարի ռեժիմի իրենց խախտումները»,- ասում է Բաբայանը:
Նա չի կարծում, որ սահմանին «փոքր սրացումներով» Ադրբեջանը կարող է գնալ լայնածավալ պատերազմի: «Երբ ինչ-որ մեկը պատերազմ է նախաձեռնում, պետք է համոզված լինի, որ շատ կարճ ժամանակահատվածում հաղթանակ է տոնելու։ Բացի այդ, գերտերությունները շահագրգռված չեն, որ այստեղ պատերազմ լինի։ Հետևաբար, լայնածավալ պատերազմ սկսելու հավանականությունը քիչ է։ Նամանավանդ՝ Ադրբեջանն էլ ներսից փխրուն երկիր է, շատ փոքրամասնություններ կան, որոնք Ադրբեջանի առաջին իսկ պարտության դեպքում կսկսեն պահանջել իրենց անկախությունը»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով, Ադրբեջանը տարիներ շարունակ «իր դիվանագիտության շեշտը դրել է ռազմական սադրանքի քաղաքականության վրա»՝ այդպիսով փորձելով քաղաքական հարաբերություններ պարզել հիմնականում համանախագահ երկրների հետ։ Ըստ նրա, Բաքուն կրակելուց բացի այլ գործիք չունի։
«Եվ այժմ փորձում են այդ ռազմական բաղադրիչն ակտիվացնելով՝ իրենց սցենարով իրենց համար գործընթացը դուրս բերեն փակուղուց, հարստացնեն իրենց դիվանագիտական զինանոցը, քանի որ այնտեղ բացի ռազմական շանտաժից, այլ գործիքակազմ Ադրբեջանին չի մնացել։ Առավել ևս՝ ապրիլյան պատերազմից հետո»,- ասում է վերլուծաբանը:
Վերջին շրջանի սահմանային միջադեպերի հնարավոր զարգացումների պատկերը, ըստ նրա, զգալիորեն կախված է լինելու հայկական կողմի վարքագծից, մասնավորապես, «ռազմական պատասխանից»: Բադալյանի համոզմամբ, անհրաժեշտ պատասխան հայկական կողմն ի զորու է հասցնել, սակայն, նա թերացումներ է տեսնում դիվանագիտական ասպարեզում:
«Ի վերջո, Բաքուն 3-4 տարի առաջ սկսել էր էս փոքր լարումների քաղաքականությունը։ Հայաստանի ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությունը, երբ ԵՄ-ի հետ տարիներ տևող բանակցություններից հետո հանկարծ մեկ գիշերում շրջվում է դեպի ԵՏՄ՝ կասկածի տակ դնելով իր ինքնիշխանությունը, բերում է նրան, որ Ադրբեջանը կարողանում է փոքր լարումներով ավելի մեծ պատերազմական իրավիճակ ստեղծել»,- ասում է Հակոբ Բադալյանը: