«2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասսիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավականին ջանքեր կպահանջվի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ՝ այդ ցուցանիշն ապահովելու համար», - այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի հանձնաժողովներին ներկայացնելիս ասաց վարչապետը:
Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը պետական պարտքը մեծացնելու հաշվին է կարողացել դիմագրավել արտաքին տնտեսական ոչ-բարենպաստ իրավիճակին, Ռուսաստանի տնտեսության և պղնձի գների անկմամբ պայմանավորված ցնցումներին: Սակայն կան պետական պարտքի և դեֆիցիտի սահմանափակումներ, որոնք կառավարությունը ստիպված է հաշվի առնել:
«2017 թվականին կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը», - ասաց Կարապետյանը:
Նա խոստացավ, որ հարկերը հավաքելու և ծախսելու գործընթացը լինելու է թափանցիկ․ - «Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»։
Իր ելույթը վարչապետը եզրափակեց հետևյալ ուղերձով․ - «Մենք մաքսիմալ մեր ծախսերի առումով, կարծում եմ, որ կոշտ քաղաքականություն ենք դրել 2017 թվականին, որպեսզի չունենանք դեֆիցիտի ավել աճ, քան սահմանափակումները մեզ թելադրում են, և բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշենք, որպեսզի իրանք կարողանան վերարտադրվեն: Եվ 2017 թվականի համար ստեղծենք նորմալ պլատֆորմ, նորմալ բազիս, որպեսզի 2018 թվականին մենք ակնկալենք ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ»: