«Կարծում եմ, նրան դեռ ժամանակ է պետք անգլիական ֆուտբոլին ընտելանալու համար», - լրագրողներին այսօր ասել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ ընդգծելով, որ չի ափսոսում 27-ամյա ֆուտբոլիստի համար գերմանական «Դորտմունդ»-ին միլիոններ վճարելու համար:
Ասուլիսում Մոուրինյոն հաստատել է, որ Մխիթարյանն արդեն կազդուրվել է և «կուլիսներում եռանդուն մարզվում է»․ - «Նա վնասվածք չունի, սակայն որոշ դեպքերում ասելով դա՝ պետք է նաև հավելես, որ նա լավագույն մարզավիճակում չէ՝ պատրաստ պայքարի»:
Մոուրինյոն միաժամանակ նշել է, թե որոշ ֆուտբոլիստների հավելյալ ժամանակ է պետք «անգլիական ֆուտբոլին, դրա արագությանը, ագրեսիվությանը և մրցակցությանը ընտելանալու համար»․ - «Իրականությունը երբեմն տարբեր է հատկապես մրցակցության հարցում: Կապ չունի, թե ում հետ ես ուժերդ չափում, պետք է խաղաս հնարավոր լավագույն մակարդակով, և այս առումով Միկիին ժամանակ է պետք, որ նա դառնա առաջատար խաղացող»:
Անցած ամիսներին «Մանչեսթրի» կազմում մի շարք փոփոխություններ կատարած Մոուրինյոն պնդել է, թե այս ճանապարհով Մխիթարյանից առաջ ուրիշներն են անցել՝ ի վերջո հաջողություն արձանագրելով․ - «Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների մասին, սակայն, Վիլիանը, օրինակ, խնդիրներ ունեցավ սկզբում, երբ Բրազիլիայից «Չելսի» տեղափոխվեց: Հետո, սակայն, որոշ ճանապարհ անցավ և մի քանի ամիս անց արդեն դարձավ առաջատար, հաղթեց առաջնությունում: Եվ սա միայն մեկ օրինակ է: Նույնը Դի Մարիան, որ պետք է դեռ շատ բան սովորեր իր խաղի մասին, երբ Պորտուգալիայից Մադրիդ տեղափոխվեց: Ոմանց մոտ այս անցումը հեշտ է ստացվում, ոմանց ավելի շատ ժամանակ է պահանջվում»:
«Միկիի դեպքում վնասվածքը խանգարեց աճին: Սակայն, մենք հավատում ենք նրան, և ուշ կամ շուտ որևէ խնդիր չի լինի», - հավատացրել է Մոուրինյոն: