Մատչելիության հղումներ

Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շենքի ճակատագիրն անորոշ է


Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնը:
Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնը:

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից «Ազատության» հարցմանն ի պատասխան վստահեցրին, որ չկա Դիլիջանի ուսումնական կենտրոնը վաճառելու մասին կառավարության որոշում:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ կենտրոնը, որի կառուցումը սկսվել է ՊԵԿ եկամուտների նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին, այժմ լուրջ բեռ է դարձել կառավարության համար, և հենց գործադիր մարմնի ներսում իրարամերժ լուրեր են պտտվում շենքի ապագա ճակատագրի վերաբերյալ:

Օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն ասաց, թե քննարկվում է ուսումնական կենտրոնը վերաիմաստավորելու և լուծարելու հարցը: Ավելի ուշ, սակայն, Ֆինանսների նախարարության լրատվության բաժնից հայտնեցին, որ նախարարի մեկնաբանությունները չեն վերաբերել Դիլիջանի ոսւումնական դպրոցին, այլ խոսել է Երևանի ուսումնական կենտրոնի մասին:

Ուշագրավ է, սակայն, որ նախարարը այդ հայտարարություններն արել է Գագիկ Խաչատրյանի շռայլ ծախսերին վերաբերող՝ լրագրողների հարցերին ի պատասխան: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք անիմաստ էին այդ ծախսերը, Արամյանը նախ արձագանքել է, թե նախկինների վերաբերյալ քննարկումներն իր սկզբունքներից դուրս են, ապա հավելել է․ - «Ես կարծում եմ, որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին»:

«Կառավարությունը կրակն է ընկնել այս շենքի ձեռքը»,- «Ազատության» հետ զրույցում ասած «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ով վերջին երեք տարիներին հետևում է այս գործընթացին․ - «Սկզբից էր պարզ, թե որևէ նպատակ նման շենքի չկա, ուղղակի ինչ-որ մեկի ֆանտազիաների իրականացում էր: Բյուջետային նման ահռելի միջոցներ․․․ ընդ որում, էն ժամանակ, երբ որ Հայաստանում ուղղակի փող չկար»:

ՊԵԿ-ից հայտնում են, որ շենքը վերջնական տեսքի բերելու համար կպահանջվի ևս 380 միլիոն դրամ: Գևորգյանը, սակայն, վստահ է, որ հարկատուների գրպանից դեռ շատ փող է ծախսվելու շենքի վրա․ - «Մոտ երկու միլիոն դոլար դեռ պիտի ծախսվի շենքը ավարտուն տեսքի բերելու համար: Հիմա այդ շենքը կիսավարտ վիճակում կոնսերվացնելն և պահելը շատ ավելի թանկ ա նստելու, քանի մի լուծում գտնել, դա ինչ-որ կերպ շահագործել, որպեսզի գոնե բյուջեի վրա լրացուցիչ ծախս չլինի: Այսինքն, մենք էդ ուսումնական կենտրոնի հետևանքները դեռ երկար ենք զգալու»:

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:

Հայկ Գևորգյանը, սակայն վստահ է, որ ծախսերը կրկնակի քիչ են ներկայացված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG