Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-ից 30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից:
Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ:
Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Նախագահն այսօր ներկա է գտնվել նաև «Երևան» տոնավաճառ առևտրի կենտրոնի բացմանը: Ըստ հաղորդագրության, կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը:
Ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները:
Նշվել է, որ 2016 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200 հազար դրամ:
«Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ: Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երևանը կունենա 43 հազար քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ միջին ամսական 150 հազար դրամ աշխատավարձով», - ասված է հաղորդագրությունում: