Մատչելիության հղումներ

Քաղաքապետը Բախշյանին՝ «Ձեր ձենին կարոտ չենք»


«Ոչ միայն Դուք եք արդար, այլև մենք ենք արդար», - Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հարցին ի պատասխան այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Անահիտ Բախշյանի հարցը, որից և վրդովվեց քաղաքապետը, Դավիթաշեն վարչական շրջանում կառուցապատված մի տարածքի էր վերաբերում։ «Ներկայացվել է որպես հարթ, անբարեկարգ տարածք, այդպես գրված է շինթույլտվության մեջ, սակայն, մեկ այլ նամակով, ինձ տվել են այդ նույն տարածքի նկարը, որտեղ շատ լավ երևում է, որ դա թեք, կանաչ գազոնի մի մաս է և բոլորովին էլ անբարեկարգ չէ։ Ես հասկանում եմ, որ Դուք չեք կարող բոլոր շինթույլտվությունների հետևից գնալ, բայց ստացվում է, որ Ձեզ համոզում են, որ այնտեղ անբարեկարգ է, և հետևաբար հարցս սա է՝ ինչպե՞ս եք այսուհետ կանխելու նման շինթույլտվությունները, որովհետև վստահ եմ, եթե Դուք գնայիք, տեսնեիք, այդ շինթույլտվության տակ չէիք ստորագրի», - ասաց Բախշյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ ընտանիքը Ղարաբաղյան պատերազմում երկու զոհ է ունեցել, և իրենք շարունակելու են այսպիսի ընտանիքների աջակցել։ Բախշյանն էլ պարզաբանեց՝ ոչ թե ասում է ինչո՞ւ են զոհվածի ընտանիքին տարածք հատկացրել, այլ փորձում է ճշտել, ինչպե՞ս է, որ անօրինական հատկացում է արվել։

«Բարոյական չէ, երբ որ մեկ ընտանիքից ամուսին և որդի զոհվել են արցախյան պատերազմին, այո, լավ ենք արել՝ տվել ենք, ու էլի տալու ենք։ Ու ինչքան զոհվածի ընտանիք կա իրենց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում», - ասաց Մարգարյանը։

Բախշյանն էլ հակադարձեց. - «Ես փաստաթղթերի մասին եմ խոսում, Դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ փաստաթղթերում մի տեղ նկար եք տվել ուրիշ բան, գրել եք՝ հարթ, անբարեկարգ տարածք»։

«Ձեր ձենին կարոտ չենք։ Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա Ձեր PR-ից խոսաք», - ասաց քաղաքապետը։ Բախշյանն էլ հակադարձեց։ - «Դուք եք PR անում»։

Հիշեցնենք՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին անցկացնում ու փորձում թույլ չտալ, որ կանաչ տարածքը առևտրի օբյեկտի վերածվի։

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը շեշտեց՝ հակաօրինական որևէ գործողություն չի կատարվել։ «Հատկացում անելուց առաջ ես ինքս անձամբ գնացել եմ, տեղազննություն եմ արել», - ասաց Բաղդասարյանը։

Ավագանու նիստի ընթացքում նաև այլ հարցեր քննարկվեցին։ Դրանք հիմնականում տրանսպորտի ոլորտին էին վերաբերում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց՝ ոլորտում համակարգային փոփոխություններ են սպասվում։ Գծատերեր, ըստ քաղաքապետի, այլևս չեն լինի։

«Այժմ խորհրդակցությունների փուլում ենք, սակայն լուծումներն արդեն տեսանելի են, մեծ քաղաքների օրինակով ենք շարժվելու», - ասաց Մարգարյանը։ - «Մեր նաև նպատակն է, որ Երևանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ և լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, և նաև մեր առաջարկն է եղել, որ լինի մեկ օպերատոր, և այդ օպերատորի մեծ Երևան համայնքը ունենա իր բաժնեմասը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG