Մատչելիության հղումներ

Համանախագահներ․ Ամենաբարձր մակարդակով երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման առաջընթացի համար


Ձախից՝ աջ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպով, Ջեյմս Ուորլիք և Պիեռ Անդրիո, արխիվ
Ձախից՝ աջ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպով, Ջեյմս Ուորլիք և Պիեռ Անդրիո, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ բռնությունից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ: Այդ մասին ասված է այցի արդյունքներով միջնորդների այսօր հրապարակած հայտարարությունում:

Նշելով, որ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և «Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանությունների» հետ, համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հաղորդում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են՝ տեղում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է մնում: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է, և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը, ասված է հայտարարությունում:

«Համանախագահները քննարկել են նաև ըստ էության բանակցությունները դեպի երկարատև խաղաղություն առաջ մղելու ներկայիս աշխատանքային առաջարկությունները: Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը», - հաղորդում են միջնորդները՝ հավելելով, որ «օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»:

Համանախագահները հայտնում են, որ նախատեսում են հանդիպել արտգործնախարարներին, այդ թվում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, քննարկելու հնարավորինս շուտ նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը: «Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունը անհրաժեշտ է կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար», - ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են, որ տարածաշրջանում հանդիպել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն աշխատանքը, որ ձեռնարկել է կազմակերպությունը անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման ուղղությամբ՝ «մարդասիրական միջոցառում, որին համանախագահները լիովին աջակցում են բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ հանդիպումներում»:

XS
SM
MD
LG