Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է:
«Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում 44-ամյա բնակիչը ՀՀ ԿԱ առընթեր ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի մոտ հայհոյել է ոստիկանության համազգեստով ծառայության մեջ գտնվող ոստիկանության երեք աշխատակիցներին: Տղամարդը, չենթարկվելով հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել է նրանց հագուստներից, ոտքով դիտավորությամբ հարվածներ հասցրել», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 24-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը) և նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:
«Քննությամբ պարզվել է, որ տղամարդը 2000 թվականից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ընկերությունում` «էմոցիոնալ անկայունության խանգարում` իմպուլսիվ տիպ» ախտորոշմամբ: Նախաքննությունը շարունակվում է։», - ասված է հաղորդագրությունում։