Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի նախկին համանախագահ. «Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Քի Ուեսթի հանդիպման ժամանակ, 3-ը ապրիլի, 2001թ.
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Քի Ուեսթի հանդիպման ժամանակ, 3-ը ապրիլի, 2001թ.

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների․ ղարաբաղյան բանակցային գործընթացից նման աղմկահարույց բացահայտում է արել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով 2000-2004 թվականներին եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Baltnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Տրուբնիկովը պնդել է, թե քիուեսթյան հայտնի հանդիպումից առաջ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդները շատ մոտ են եղել խնդրի կարգավորմանը:

«Ես չորս տարի մասնակցել եմ Մինսկի խմբի աշխատանքներին, այն փորձում էր կարգավորել Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրները: Դա ամենևին էլ հեշտ չէր, սակայն Ղարաբաղի մասով ես շատ դրական վիճակում էի: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընդունում», - ասել է Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Ռուսաստանցի նախկին համանախագահը մանրամասնել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը շուրջ 15 տարի առաջ մշակել են կարգավորման մի տարբերակ, որը, սակայն, տապալվել է Ալիևի շրջապատի դիմակայության պատճառով:

«2000 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք Քի Ուեսթում՝ Ֆլորիդայում: Գտել էինք մի բանաձև, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր էր ապահովել միջանցք Ադրբեջանից դեպի հարավ, Հայաստանից՝ Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը սկզբում որևէ մեկի հետ չէր կիսվում, հետո, երբ մերձավոր գործընկերներին պատմեց, նրանք ընդվզեցին, թե «այդ ինչպե՞ս կարող ենք մենք մեր տարածքներից հողեր հանձնել», - պատմել է Տրուբնիկովը:

Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարարը նաև նշել է, որ, ըստ այդ ծրագրի, խաղաղության հասնելուց հետո նախատեսվում էր ԱՊՀ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի, նրանք բոլորը պետք է յուրային լինեին, ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Նույն այդ տարիները վերհիշելիս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդվածներից մեկում գրել էր․ - «Հայր Ալիևի մոտ լուրջ ցանկություն կար որդուն ձերբազատելու ղարաբաղյան խնդրից և հանձնելու նրան մի երկիր, որը զերծ կլիներ հնարավոր պատերազմի վտանգից: Նման ամբողջական լուծում Ալիևը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին զիջելու դիմաց՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխափան կապ ստեղծելու միջոցով»:

«Քի Ուեսթում իր համաձայնությունը սրան տալուց հետո, վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Գործընթացը մտավ փակուղի», - պատմել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG