Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ «Ստեղծված են նախադրյալներ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»


Armenia -- Former President Levon Ter-Petrossian speaks at Armenian National Congress (HAK) rally, Masis, 16Apr2012
Armenia -- Former President Levon Ter-Petrossian speaks at Armenian National Congress (HAK) rally, Masis, 16Apr2012

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արձանագրում է, որ՝ «ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»:

ՀԱԿ-ը, որը շաբաթ օրը կայացած վարչության 5 ժամ տևած նիստից հետո խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ, այսօր հրապարակել է խոստացված փաստաթուղթը:

Հայտարարությունում ՀԱԿ-ը հիշեցնում է, որ 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի հինգ խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն, որի արդյունքում, ըստ հայտարարության՝ «թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ «քվեներով» հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»:

Նկատի ունենալով վերը նշվածը, Հայ ազգային կոնգրեսի վարչությունը հայտարարում է, որ սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը:

«Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017թ.-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, և ըստ այդմ այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, Հայ Ազգային Կոնգրեսը նաև հայտարարում է՝ ա) 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը, բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ, գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որևէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ», - նաև ասված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG