Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «խորհրդարանական ընտրություններին կգնա թավշյա հեղափոխության»


Հայ ազգային կոնգրեսը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կգնա թավշյա հեղափոխության, բայց ոչ արյունահեղության, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ վարչության 5 ժամ տևած նիստից հետո:

«Ժողովրդավարության հաղթանակն արդեն կնշանակի հեղափոխություն։ Այստեղ պետք է հստակեցնել՝ մենք չենք խոսում արյունահեղությամբ հեղափոխության մասին, մենք խոսում ենք թավշյա հեղափոխության մասին, մենք խոսում ենք այն հեղափոխության մասին, որն իրականացվում է ընտրությունների միջոցով, իրականացվում է ժողովրդի ճնշմամբ, ժողովրդի մասնակցությամբ, և դա միայն քվեատուփեր քվեաթերթիկ գցելու արարողակարգը չի, դա նաև ենթադրում է քաղաքական գործընթաց՝ հանրահավաքներով, ճնշումներով իշխանությունների վրա, այսինքն, այն, ինչ-որ բնորոշ է եղել 88-ից սկսած Հայաստանի քաղաքական գործելակերպին», - ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր հանդես կգա կարևոր հայտարարությամբ, սակայն, ըստ կուսակցության փոխնախագահի, տեքստը դեռ խմբագրման կարիք ունի և կհրապարակվի առաջիկա օրերին:

Զուրաբյանն ասել էր, որ կբացվեն որոշ խաղաքարտեր, և ավելի հստակ կլինի, թե ինչ ուղենիշով է քաղաքական ուժը մտնելու քաղաքական պայքարի մեջ, և ինչ արդյունքների են ակնկալում հասնել երկրի համար շատ կարևոր ընտրություններում:

Ընդդիմադիր գործչի խոսքով, խորհրդարանական ընտրություններում հնարավոր է հասնել ժողովրդի հաղթանակին, եթե լուծվի երեք հիմնական խնդիր։ «Առաջինը՝ մեր ժողովուրդը պետք է ընկալի և ընդունի, որ Ազգային ժողովի ընտրությունները այսուհետև դառնում են թիվ 1 ընտրությունները Հայաստանում, իրենց կարգավիճակով հավասարվում են անցյալի նախագահական ընտրությունների հետ, այսինքն, լուծվում է այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է շարունակի կառավարել Հայաստանում, թե պետք է հեռանա։ Մենք վստահ ենք, որ հնարավոր է քաղաքականացնել ընտրությունները, հնարավոր է հասնել ժողովրդավարության հաղթանակի, եթե մենք կարողանանք այս ուղերձը հասցնել ժողովրդին, բայց սա բավարար չի, կան երկու այլ գործոններ, երկրորդը՝ մենք նաև պետք է կարողանանք ժողովրդի մեջ հաղթահարել ընտրությունների նկատմամբ անվստահությունը։ Այսօր, ցավոք սրտի, երկար տարիների ընտրակեղծարարության այս փորձից հետո ժողովուրդը կորցրել է այդ հավատը դեպի ընտրությունները և, բնականաբար, մեր ջանքերն ուղղված են եղել սահմանադրական հանրաքվեից հետո այնպիսի փոփոխությունների Ընտրական օրենսգրքում, որոնք կվերականգնեն այդ հավատը և այդտեղ ամենակարևոր նվաճումը ես համարում եմ ստորագրված ցուցակների հրապարակումը, և երրորդ հանգամանքը քաղաքական համախմբման գործոնն է։ Մենք պետք է գտնենք ուղիները, որ կմիավորեն բոլոր հասարակական և քաղաքական այն ուժերին, ովքեր իրականում իրենց առաջ նպատակ են դնում իշխանափոխության և Ազգային ժողովի այս ընտրություններով ժողովրդավարության հաստատման», - ասաց Զուրաբյանը։

Խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդեն նոր Ընտրական օրենսգրքով։ Հիշեցնենք, որ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթն այս շաբաթ ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Ըստ Զուրաբյանի, նոր Ընտրական օրենսգրքի առաջին փորձությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում էր: Ընդդիմադիր գործիչն ասաց, որ նիստի ընթացքում քննարկել են Վանաձորում և Գյումրիում տեղ ունեցած ընտրությունների աղմկահարույց հետևանքները։

«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, ինչ կոռումպացված ընտրական գործընթաց է, ինչպես է իշխանությունը մեզ փորձելու քաշել կենցաղային, մաֆիոզ, կլանային դաշտ, որտեղ գործում են տեղական հեղինակությունները, կրիմինալը, չգիտեմ, հազար տեսակի ազդեցություններ։ Մենք հենց դա էլ քննարկել ենք և գտել ենք ուղիները: Ուղիները հենց դրանում են, որ մենք պետք է քաղաքականացնենք գործընթացը, ժողովրդի համար լրիվ ակնհայտ դարձնենք այն, ինչ-որ կարողացանք ակնհայտ դարձնել 2015 թվականի հանրաքվեի ժամանակ, որ սա մի գործընթաց է, որ իր մեջ ներուժ ունի՝ ապահովելու ժողովրդի հաղթանակը ընտրություններում և իշխանափոխությունը», - ասաց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG