Մատչելիության հղումներ

Արտաշես Թումանյան․ Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում


Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան:

«Չստորագրված փաստաթղթի մասին շատ չեմ ուզում ծավալվել, բայց այն, ինչ եղել է, եղել է: Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի», - փոխանցեց դեսպանը:

Թումանյանը հայտնեց, որ իրանական գործընկերոջ կողմից «առաջարկը ընդունվեց սիրով, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»:

«Իսկ Ռուսաստանը չի՞ խառնվի», - այս հարցին դեսպանը արձագանքեց․ - «Իսկ ո՞վ է խանգարում Հայաստանին, որպեսզի Իրանից գազ առնի: Նախ՝ իրավական փաստաթուղթ, որը լուծում է երկու երկրների մեջ գազի առևտրի հարցը, լրիվ հնարավոր է՝ որևէ մեկի շահերին չի հակասում»: «Դե յուրե հնարավոր է, դե ֆակտո հնարավո՞ր է», - այս հարցին էլ Թումանյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այո»:

Հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ․ այս առնչությամբ էլ դեսպանը ասաց․ - «Որևէ ժամկետ [այցի], որևէ կոնկրետիկա այս պահին չկա, դրա համար չէի ուզենա այդ թեմայով խոսել, ճիշտն ասած: Բայց, ուրեմն, այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի»:

Ի պատասխան դիտարկման՝ «Չկան ժամկետներ, մոտավորապես չեք կարող ասել», Արտաշես Թումանյանը հայտարարեց․ - «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես»:

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին ընդհանրապես՝ այստեղ անելիք շատ կա, կա հսկայական ներուժ՝ հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ընդգծեց դեսպանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG