Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետն արդեն ավանդաբար նախ հանձնարարություններ հնչեցրեց:
Կարապետյանի ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել էին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատանքի վերաբերյալ հնչող դժգոհություններն ու բողոքները, երբ, օրինակ, առանց ծանուցման կալանքի տակ են դնում քաղաքացու հաշիվները․ - «Մասնավորապես դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն՝ եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումը ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզների՝ էլ․ փոստի միջոցով, SMS և այլն»:
Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղերում հանրային տրանսպորտի խնդիրներին ու երբեմն պարզապես տրանսպորտի բացակայությանը․ - «Մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվել միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները: Ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»:
Տրանսպորտի նախարարությունը գյուղական փոխադրամիջոցների խնդիրներն ուսումնասիրելիուց բացի, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, զբաղված է նաև հանրապետության թիվ մեկ ճանապարհաշինական ծրագրի՝ արդեն 7 տարի ձգձգվող Հյուսիս-Հարավ մայրուղու արդյունավետությունը գնահատելով։
Հիշեցնեմ, ամիսներ առաջ նախորդ վարչապետ Հովիկ Աբահամյանը հայտարարել էր, թե կառուցապատումը դանդաղում է, և ըստ իրեն հասած խոսակցությունների՝ «փողերը չկան, փողերը տարել են»։ Գագիկ Բեգլարյանին փոխարինած նոր նախարարը դեռևս չգիտի՝ տեղո՞ւմ փողերը, թե՞ ոչ:
Ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը ևս խոստովանել էր, որ գոհ չեն ճանապարհի կառուցման ընթացքից։
«Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու և շարունակելո՞ւ ենք արդյոք, թե՞ ոչ», - լրագրողների հարցին ի պատասխան ասաց նախարարը՝ հավելելով, որ առայժմ պատրաստ չէ պատասխանել մայրուղու շինարարությունը դադարեցնելու հնարավորության մասին հարցին:
Հյուսիս -Հարավ ավտոմայրուղու շինարարության կամ դրա որոշ հատվածներն ավարտին հասցնելու մասին կառավարության ծրագրում, ի դեպ, ոչինչ գրված չէ։
Օր առաջ բարեփոխումներ իրականացնելու մասին ազդարարող ծրագրում փոխարենը փոքր-ինչ ավելի մանրամասն են գրել գյուղատնտեսության ոլորտում անելիքիների մասին։ Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով, գաղտնիք չէ՝ որքան սուղ են պետության միջոցները գյուղացուն աջակցելու համար, ում գործածած տեխնիկան նախորդ դարերի գործիքներն է հիշեցնում․ - «Գյուղտեխնիկայի մասով շատ բաց տեղեր ունենք: Պետք է հայթայթենք դրամաշնորհներ, որպեսզի ներմուծենք գյուղտեխնիկա և բաժանենք մարզերին: Պետք է բոլորը միանան, որպեսզի էդ 18-րդ դարը, ով որ ասել ա, գանք հասնենք 21-րդ դար: Դա երկար ճանապարհ ա, մեկ օրում չի լինի։ Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որ, այո, էսօր չունենք, որպեսզի էդ ամբողջը մեկ օրում ներդնենք և զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»:
Կառավարությունն իր ծրագրում ռազմավարական խնդիր է հռչակել միջին խավի ընդլայնումը, թեև դրան զուգահեռ առաջիկայում կբարձրանա նույն՝ միջին համարվող խավի եկամտահարկը։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ծրագրի ու հարկային օրենսգրքի միջև հակասություն, այնուամենայնիվ, չի տեսնում․ - «Միջին խավի ընդլայնման համար այլ ձևաչափ է պետք: Պետք է ունենանք տնտեսական հենքերի ուժեղացում, պետք է աշխատատեղերի վրա աշխատենք, պետք է ներդրումների վրա աշխատենք: Միջին խավի լավագույն օգնության հարթակը տնտեսական աճն է»:
Վարչապետ Կարապետյանի կառավարության առաջակած ծրագիրը տնտեսագետ Արտակ Մանուկյանը հասցրել է ուսումնասիրել: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ծրագրում անդրադարձ կա հասարակությանը հուզող խնդիրներին. - «Բայց մեծ հաշվով, եթե ես, օրինակ, փորձեի վերաձևակերպել, ինքը [ծրագիրը] PR գործողությունների վրա հիմնված ծրագիր է: Այսինքն՝ տուրիզմով․․․ այնտեղ գինեգործություն, կոնյակագործություն, բոլորով Հայաստանի դրական կերպարի ստեղծումն է: Այդ դրական իմիջի ստեղծումը պահանջում է ծախս: Պետական բյուջեի մեջ այդ ծախսերի բարի մղումները համապատասխան հենք չունեն, որովհետև մենք չունեն էդ գումարները, որ կարողանանք բոլոր դրական իմիջի համար միտված գումարներին կարողանանք հասցեականություն ապահովել»: