Մատչելիության հղումներ

Ադրբեջանն է դեմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը. քաղաքագետ


ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է դեկտեմբերին վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին, «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հիշեցնենք, հետխորհրդային վեց պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը միավորող այս ռազմաքաղաքական միության գործադիր մարմնի նոր ղեկավար պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը։ Ակնկալվում էր, որ հոկտեմբերի 14-ին Երևանում պետք է հրապարակվեր նրա անունը։ Հայկական մամուլը նույնիսկ անուններ էր բարձրաձայնում։ Սակայն, նախ՝ հիվանդության պատճառով Երևան իր այցը չեղարկեց Ղազախստանի նախագահը, իսկ հետո, չբացատրելով պատճառները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի հարցը կազմակերպության անդամ երկրների ղեկավարները որոշել են քննարկել դեկտեմբերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

«Փոփոխություն պետք է լինի, քանի որ ռոտացիոն կարգով փոփոխությունների մասին կա նախագահների որոշում։ Ինչ վերաբերում է մյուս պաշտոններին՝ գլխավոր քարտուղարի տեղակալներին, վարչության պետերին, նոր ռոտացիոն համակարգը արդեն գործում է, և ի դեպ՝ շատ հաջող։ Ինչու են փոխել հարցի քննարկումը՝ ներկա չի եղել նախագահներից մեկը։ Ղազախստանի նախագահը հիվանդացել էր, և նրան վարչապետն էր փոխարինում։ Դրա համար, ելնելով այն հանգամանքից, որ այս կարևոր հարցը պետք է լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվել է հարցը հետաձգել մինչ դեկտեմբերի վերջ, երբ բոլոր նախագահները ներկա կլինեն՝ վերջնական որոշում կկայացվի», - «Վեստի»-ին ասել է Նիկոլայ Բորդյուժան։

Հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեր դեռևս անցած տարի դեկտեմբերին, բայց այն ժամանակ բոլորի համար անսպասելիորեն որոշում կայացվեց երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մեկ տարով։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով 90-ականներին Հայաստանի ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում և կազմակերպության ներքին խոհանոցին ծանոթ է, ասում է, որ իրական պատճառները կարող են մի քանիսը լինել, օրինակ՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները չեն ընդունել Հայաստանի ներկայացրած թեկնածուներից և ոչ մեկին։

Սրա հետ մեկտեղ, սովորաբար նման հարցերի շուրջ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները համաձայնության են գալիս նախօրոք, իսկ գագաթնաժողովին՝ այդ արդեն ձեռք բերված համաձայնությունը թղթին հանձնում, և փորձագետի կարծիքով՝ խնդիրը կարող է ավելի խորքային լինել, քան թվում է առաջին հայացքից:

«Պրոբլեմը ուրիշ տեղ է, պրոբլեմը նրանում է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի դառնա Հայաստանից, Հայաստանի, ասենք, գեներալներից մեկը: Տարիների մասին խոսք չի գնում՝ ամիսների մասին, Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակմանը, լոկալ թե մեծ հարձակմանը՝ այլ խնդիր է, բայց անընդհատ իրենք պատրաստվում են ռազմական գործողություններ ծավալել, ու պատկերացնում ե՞ք, եթե Հայաստանի ներկայացուցիչը գլխավոր քարտուղար դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Ակնհայտ է, որ այդ գլխավոր քարտուղարը ավելի հետևողական կպաշտպանի հայկական շահերը, ակնհայտ է դա: Ինչքան էլ դա միջազգային կառույց չլինի, ինչքան էլ նեյտրալ չպետք է լինի, ակնհայտ է՝ այստեղ Հայաստանը կա որպես անդամ պետություն, ու գլխավոր քարտուղարը որ Հայաստանից լինի, պարզ է, որ եթե պատերազմ սկսի Ադրբեջանը, և՛ հայտարարություն կանի, և՛ ավելի արագ, համաձայնեցված գործողություններ»:

Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի հիվանդությանը՝ գագաթնաժողովի նախօրեին ղազախական մամուլը գրել էր, որ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդությունը ընդամենը հարմար պատրվակ է Երևան չայցելելու համար, իսկ գագաթնաժողովից հետո ռուսական մամուլը, մասնավորապես՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրել էր, թե որպես գագաթնաժողովի անցկացման վայր Հայաստանը «ամենահարմարը չէ» ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար։

Նախագահությունը այս կազմակերպությունում Հայաստանից անցել է Բելառուսին, և առնվազն հինգ տարի, եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ, այս կազմակերպության լիդերները Երևանում հավաքվելու կամ «հանկարծակի հիվանդանալու» առիթ չեն ունենա։ Դե իսկ եթե, չնայած փորձագետների հոռետեսությանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, դե ֆակտո նա կղեկավարի կազմակերպությունը 2017-ի հունվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG