Մատչելիության հղումներ

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ


Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

«Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը», - այսօր հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությունում հայտնում է, որ ավարտել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված, և նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 45 տարեկան է, ծնունդով Գյումրի (Լենինական) քաղաքից է:

Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում, որտեղ հանդես է եկել 1989-1998 թվականներին: 1998-1999 թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան իսրայելական «Մաքքաբի»-ում, 1999-2000 թվականներին վերադարձել է «Շիրակ», 1999-ին հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում:

2000-2003 թվականներին Պետրոսյանը հանդես է եկել շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում:

Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին, 1992-2005 թվականներին հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999թթ․), Հայաստանի կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999թթ․), Շվեյցարիայի գավաթակիր (2005թ․), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006թթ․): 1996, 2000 թվականներին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 1997-ին՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու:

Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխ»-ի Մ-14, 15, 16, 18 թիմերը, 2011-ին «Ցյուրիխ»-ի Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016 թվականին ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

Հիշեցնենք, Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց անցած շաբաթավերջին՝ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երեք հանդիպումներում թիմի կրած պարտություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG