Ռուսաստանի օդային ուժերը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը հայտարարել են Հալեպում օդային գրոհները միառժամանակ դադարեցնելու մասին: Դա արվում է ընդդիմադիր զինյալներին և խաղաղ բնակիչներին Հալեպից անվնաս հեռանալու հնարավորություն ընձեռելու համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր իր ղեկավարած գերատեսչության նիստում ասել է, որ օդային գրոհները դադարեցվում են այսօր տեղական ժամանակով ժամը 10-ից:
Շոյգուն ասել է, որ ռմբահարումները և հրթիռակոծությունը միառժամանակ դադարեցվում են հոկտեմբերի 20-ին՝ «հումանիտար դադար» հաստատելու նպատակով:
Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այդ դադարը որակել է ոչ ավել ոչ պակաս «ռուսական բանակի կողմից բարի կամքի դրսևորում»:
Մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է որոշումը, սակայն հավելել, որ այն բավական ուշացումով է ընդունվել:
Նախօրեին Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում գումարած ժողովում խստորեն քննադատել են ռուսական օդային գրոհները Սիրիայում՝ նշելով, որ դրանք կարելի է համարել «պատերազմական հանցագործություն»:
«Ասադի ռեժիմի և դրա դաշնակիցների կողմից Հալեպի արևելյան շրջանների ռմբահարումները, դրանց ինտենսիվությունը ակնհայտ անհամաչափ են, միտումնավոր ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտներ՝ հիվանդանոցներ, դպրոցներ, կենսական նշանակության ենթակառուցվածքը:
«Սիրիայում իշխող ռեժիմը դարձել է ռուսների խամաճիկը, այնտեղ կիրառվում են հրկիզող և կասետային ռումբեր, քիմիական զենք, այդ գործողություններից մի քանիսը միանշանակ կարելի է «պատերազմական հանցագործություն» համարել», - ասվում է Եվրամիության արտգործնախարարների միաձայն ընդունած հայտարարությունում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորսի Ջոնսոնն ասել է, թե Հալեպում ընդդիմության թաղամասերի ռմբահարումները «մարդկության համար ամոթ են»:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն ասել է, որ Լյուքսեմբուրգում քննարկվել են Ասադի և նրա դաշնակիցների վրա ճնշում բանեցնելու բոլոր հնարավոր տարբերակները:
«Մենք դիմում ենք Ռուսաստանին․ դուք կարող եք վերջ տալ այս սպանդին, դուք կարող եք ստանալ մեր միանշանակ աջակցությունը «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կառույցների դեմ պայքարում, բայց կա մի նախապայման՝ դադարեցրեք Հալեպի ռմբահարումը, թույլ տվեք մարդասիրական օգնություն հասցնել: Սա մի նպատակ է, որը Եվրոպան պետք է իրականացնի ցանկացած եղանակով»,- ասել է Արոն:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հստակեցրել է, որ ժողովում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց չի քննարկվել, սակայն կարող են ընդարձակվել Ասադի ռեժիմի նկատմամբ սահմանված պարժամիջոցները:
«Թիվ մեկ առաջնահերթությունը հիմա Հալեպը, Հալեպի բնակիչներին փրկելն է: Դրանից ելնելով ենք մենք Ռուսաստանին և Սիրիայի ռեժիմին կոչ անում դադարեցնել Հալեպի ռմբահարումները, շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների և առանցքային այլ դերակատարների հետ, կանխել հումանիտար աղետն այդ քաղաքում»,- ասել է Մոգերինին: