Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
«Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի։ Մինչդեռ՝ թատրոնում նման երեկո նշված օրերին ընդհանրապես նախատեսված չի եղել։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշված գործողությունների հետևանքով տուժած և կեղծ տոմսեր գնած քաղաքացիներին Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Արաբկիրի քննչական բաժին: