Մատչելիության հղումներ

Ինքնավար հանրապետության կարգավիճակը՝ Ալիևի «առավելագույն զիջում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում, որում անդրադարձել է Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններին, իր անձնական հարաբերություններին Պուտինի հետ և, իհարկե, խոսել է Ղարաբաղից, մասնավորապես՝ ներկայացրել է, թե ինչ ասել է փոխզիջում Բաքվի համար։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում և չի կարող քննարկման առարկա դառնալ, մենք չենք համաձայնի տրամադրել Ղարաբաղին անկախ կարգավիճակ, և հայկական կողմը սա շատ լավ գիտի։ Սակայն խելացի փոխզիջում հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսունակության, ինքնավարության ապահովումը, ինչպես նաև ադրբեջանական ներդրումային ծրագրերի իրականացում Ղարաբաղում։ Ինչպես նաև ազգերի խաղաղ գոյատևումն այս տարածքում մի պայմանով՝ որ Հայաստանը ազատի Ղարաբաղի շուրջ շրջանները», - հարցազրույցում ասել է Ալիևը՝ հավելելով․ - «Այսպիսին է, մեր պատկերացմամբ, խնդրի կարգավորումը։ Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնց շուրջ մենք հիմա աշխատում ենք և որոնք միջնորդները առաջ են քաշում»:

Նրա պնդմամբ՝ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման այդ տարածաշրջանը, այսինքն՝ Ղարաբաղը, նորմալ չի զարգանա»։ «Մենք խաղաղություն ենք ուզում, և մեր դիրքորոշումը կառուցողական է, իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, սակայն չի ուզում վերադարձնել ուրիշի տարածքները», - նշել է Ալիևը:

Ի պատասխան ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի ճշտող հարցի, թե արդյոք հենց այս է Ադրբեջանի նախագահի պատկերացմամբ փոխզիջումը Ադրբեջանի կողմից, Հեյդար Ալիևի որդին հավելել է՝ կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման, ապագայում՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու տեսքով, սակայն նախ և առաջ հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղի շուրջ շրջաններից։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե բանակցությունները դոփում են տեղում հայկական կողմի ոչ-կառուցողական դիրքորոշման պատճառով։

Կիսելյովի հարցին պատասխանելիս Ալիևը անդրադարձել է նաև Ջոն Քերրիի հայտնի հայտարարությանը, որում Միացյալ Նահանգների պետքարտուղարը ասել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամանակը դեռ չի եկել, և որ ղարաբաղյան խնդիրն ավելի բարդ խնդիր է, քան նույնիսկ պաղեստինա-իսրայելական խնդիրը։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Քերրիի այս հայտարարությունը ամբողջովին հակասում է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը, Օբաման Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ մի քանի հայտարարություն է արել, որում ասված է, որ այսօրվա ստատուս քվոն անընդունելի է։ Իլհամ Ալիևը կարծում է, թե այս հայտարարությամբ Քերրին հակամարտության շուրջ բանակցությունները երկարաձգելու ազդանշան է ուղարկում Հայաստանին։

Անդրադառնալով բանակի զինման հարցին՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը զենք է գնում մի շարք պետություններից՝ Թուրքիայից, Բելառուսից, Իրանից, Իսրայելից, նոր պայմանագրեր է կնքել նաև Պակիստանի հետ, սակայն հիմնական գործընկերը Ռուսաստանն է, ում հետ Ադրբեջանը վերջին տարիներին այս բնագավառում շուրջ հինգ միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել։ Ընդ որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, այդ պայմանագրերով նախատեսված զենքի մեծ մասը Ադրբեջանն արդեն ստացել է։

Հարցազրույցում Ալիևը բողոքել է Արևմուտքից, պնդել է, թե Արևմուտքը փորձում է խառնվել Ադրբեջանի ներքին գործերին՝ աջակցելով ընդդիմադիր կուսակցություններին, մինչդեռ, Ադրբեջանի նախագահի հավաստմամբ, իր երկրում այսօր չկա լուրջ ընդդիմություն, և իշխանությունը վայելում է բնակչության լիակատար աջակցությունը։

Երկու տարի անց կայանալիք նախագահական ընտրությունների մասին խոսելով՝ Ալիևն ասել է, որ դրանց մասնակցելու մասին որոշում կայացնելու համար դեռ ժամանակ կա, սակայն չի բացառել իր մասնակցությունը։

Ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ այնպիսի տպավորություն ունի, որ երրորդ ուժերն են մեղավոր դրանց վատթարացման համար։ Նա նաև չի հերքել իր դերակատարությունը Պուտին-Էրդողան հարաբերությունները կարգավորելու հարցում։

Վլադիմիր Պուտինի մասին խոսելով՝ Ալիևն ընդգծել է, որ բարեկամական լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ, որ Պուտինը մեծ, ազնիվ մարդ է, «մեծ երկրի մեծ առաջնորդ»:

Եվրասիական միությանը իր երկրի հնարավոր անդամակցության մասին հարցին ի պատասխան՝ Ալիևը փաստորեն հաստատել է, որ հարցը օրակարգում է և քննարկվում է ոչ միայն փորձագիտական մակարդակով։ Դրա հետ մեկտեղ, նա պնդել է, որ Ադրբեջանն այնքան ինքնաբավ ու զարգացած երկիր է, որ որևէ միության ինտեգրվելու համար երկրին հավելյալ շարժառիթ է պետք։

Ալիևը հարցազրույցում խոսել է նաև Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունու մասին՝ նկատելով, որ այս ռազմավարական միությունը արդեն իրականություն է և լուրջ տարածաշրջանային գործոն է։

Իսկ ահա Սիրիայի մասին հարցին դիվանագիտական կրթություն ստացած Ալիևը փորձել է դիվանագիտորեն պատասխանել, սակայն, այդուամենայնիվ, ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում Ադրբեջանին ավելի մոտ է:

«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի վերոհիշյալ հայտարարությունները՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ասաց․ - «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»:

«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG