Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքում է Լավրովին


Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ ընդգծելով, որ Երևանի սկզբունքային դիրքորոշումն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների:

Անցած ուրբաթ Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը որոշեց կարևորել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ռուսաստանյան պետական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է․ - «Այն որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, ղարաբաղյան կարգավորման գործում առաջաընթացը առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան»:

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայաստանի համար որքանով է ընդունելի Լավրովի մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասաց․ - «Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել», - հավելեց Բալայանը:

2009 թվականից ի վեր, երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, Անկարայի ու Բաքվի դիրքորոշումն է, որ այդ փաստաթղթղերը կարող են վավերացվել Թուրքիայի խորհրդարանում, և հայ-թուրքական հարաբերությունները կարող են նորմալանալ՝ եթե մինչ այդ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Այլ կերպ ասած, Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են զիջումներ կորզել Հայաստանից ղարաբաղյան հարցում:

Հատկանշական է, որ ընդամենը ժամեր անց Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունեց Լավրովի հայտարարությունը: Ինչին ի պատասխան երեկ՝ news.am-ի հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. - «Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի, և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «հետաքրքիր» որակեց Լավրովի երևանյան հայտարարությունը. - «Սա հետաքրքրիր հայտարարություն է, իհարկե: Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական թուրքական հարաբերություններն ու ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկու առանձին գործընթացներ են և չպետք է փոխկապակցվեն: Մյուս կողմից, Լավրովը նաև մի շարք այլ հայտարարություններ է արել, և ես կարծում եմ, որ այս ամենը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Նա ասել է, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ՝ եթե, օրինակ, աշխատի, որպեսզի ապաշրջափակում կատարի Ղարաբաղի և այլն»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, մտահոգված է Լավրովի այդ հայտարարությամբ: Երեկ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, Բադալյանն ընդգծեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող զարգանալ՝ առանց Հայաստանի շահերը ոտնահարելու․ - «Հետաքրքիր է, որ այդ մոտեցումը հնչում է հոկտեմբերի 10-ին Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գուցե Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները վերականգնելու գործընթացում քննարկում են նաև հենց էդ բաղադրիչը: Բնական է, որ հայկական հարցը չի կարող չլինել այդ հարաբերությունների կոնտեքստում»:

Ի դեպ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը երեք ամիս անց՝ 2010 թվականի հունվարի 13-ին Մոսկվայում ընդունելով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ Վլադմիր Պուտինը, ով այդ ժամանակ Ռուսաստանի վարչապետն էր, հայտարարեց՝ Մոսկվան «հետաքրքրված է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմամբ», սակայն ճիշտ չէ այդ հարաբերություների նորմալացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ․ - «Ե՚վ ղարաբաղյան խնդիրը, և՛ թուրք-հայկական [խնդիրը] ինքնին շատ բարդ են: Ճիշտ չեմ համարում դրանք տեղադրել մեկ փաթեթում: Այդ խնդիրներից յուրարքանչյուրը առանձին վերցրած լուծելը շատ դժվար է: Իսկ եթե մենք այդ բոլորը մի կույտի մեջ ներառենք, այդ դեպքում լուծման հեռանկարը ավտոմատ կերպով շատ կհետաձգվի: Ուստի, մարտավարական և ռազմավարական տեսանկյուններից այդ խնդիրների՝ մեկ փաթեթի մեջ ներառելը համարում եմ ոչ նպատակահարմար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG