Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարաձգվեց


Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու երրորդ անգամ ևս երկու ամսով երկարացրել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը։

Դատական նիստը մեկնարկել էր շաբաթ օրը, սակայն այն ընդմիջվել էր մինչև ժամը 19։00-ը՝ քննիչի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու պատճառով: Վճիռը հրապարակվել է գիշերը ժամը 3-ին։

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը ճաղերի հետևում հայտնվեց հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: Շուրջ երկու ամիս առաջ էլ քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG