Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի՝ առողջական խնդիրներ և բուժօգնության կարիք չունեցող ուղևորների վերադարձը Հայաստան։ Նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է, փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), իր հերթին, հաղորդում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար:
Տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր Ռուսաստան են մեկնել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ռուսաստանում կապն ապահովում և աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը:
ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղևորվի Բեսլան, այնուհետև` Երևան:
Օդանավի թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: