Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. կա 5 զոհ, 27 վիրավոր


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԻՆ-ի

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:

Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

Նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), իր հերթին, փոխանցում է, որ ըստ Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Այս աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «տուժել են 27 ուղևոր, որոնցից 5-ը մահացել են»: Տուժածներից 22-ը, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի երեք հիվանդանոցներում:

ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի համաձայն՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել 19 տուժած՝ Գևորգյան Վ.Ա., Մովսեսյան Է.Է., Աղրամանյան Ն.Ս., Խաչատրյան Կ.Ս., Մկրտչյան Կ.Վ., Մարգորյան Ա.Կ., Հարությունյան Ժ.Ն., Կարիպյան Մ.Վ., Բեկջոնյան Գ., Մարգորյան Ա.Մ., Պողոսյան Լ.Ս., Գևորգյան Վ.Ա., Աղրամանյան Վ.Ժ., Օհանյան Ա.Ս., Սիմոնյան Ն.Տ., Ալեքսանյան Ա.Ժ., Ալեքսանյան Ա.Է., Աղրամանյան Ժ.Ռ., Ապրտյան Դ.Ա.: Վլադիկավկազ քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում են՝ Պալուխին Պ.Պ.՝ 15 տարեկան, Ռասամախին Ա.Ե.՝ 16 տարեկան, Գալատով Ա.Ա.՝ 16 տարեկան, Լազուկին Ա.Ա.՝ 10 տարեկան: Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում են՝ Բաղդասարյան Գ․Կ․ (վիրահատարանում է), Սալենյան Ա․Ա․ (գանգուղեղային վնասվածք, որովայնի փակ վնասվածք, վիրահատարանում է), Աբրահամյան Ս․Կ․:

ՀՀ ԱԻՆ-ը առայժմ ճշտել է զոհվածներից երկուսի ինքնությունը՝ 56-ամյա Արևիկ Հունանյան և 62-ամյա Յուրա Պողոսյան:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն, վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։

Նախագահ Սերժ Սարգսյանը ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել, մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ պատկան մարմիններին:

Մասնավորապես, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով:

Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը: Վեհափառը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG