Մատչելիության հղումներ

Արկադի Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչում


Արկադի Փելեշյանի նախընտրական պաստառը:
Արկադի Փելեշյանի նախընտրական պաստառը:

Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը հայտարարում է, որ իր վստահորդը իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ինքը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով իր դատավարական իրավունքից: Իսկ մնացածը հետագայում կտեղեկացնենք: Դիրքորոշումը այս պահին չենք կարող ներկայացնել, փաստաբանական գաղտնիք է», - այսօր ասաց Հարությունյանը:

Ավելին՝ փաստաբանը գտնում է, որ իր վստահորդին առաջարդված մեղադրանքն ապօրինի է․ - «Եթե էսպես շարունակվի, մենք պետք է փորձենք վարույթն իրականացնող մարմնին՝ եթե գործը մուտք արվի դատարան, դատաքննության ընթացքում ապացուցել, որ իմ վստահորդը անմեղ է»:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ «իրեն չսատարելու ու, իր կարծիքով, իր օգտին չքվեարկելու համար Փելեշյանը վիճաբանել է իր ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան»:

«Ազատության» հետ զրույցում Ռաֆայել Գրիգորյանն ասաց, թե Փելեշյանի գործողությունները «ապատեղեկատվության հետևանք» էին․ վերջինիս ասել էին, թե Գրիգորյանը գումար է բաժանել, մինչդեռ իրականում նման բան չի եղել․ - «Այդ դեզինֆորմացիան այսօր առավոտյան հերքվեց, որ իբր ես գումար եմ վերցրել, բաժանել եմ ձայների համար»:

Գործը կարող է կարճվել՝ եթե տուժող կողմը չբողոքի: Գրիգորյանը, մինչդեռ, չի պատրաստվում հետ վերցնել իր դիմում-բողոքը․ - «Բողոքս հետ չեմ վերցնի մի շարք պատճառներով: Ես չեմ կարող կանաչ ճանապարհ ցույց տալ նմանատիպ գործողություններին հասարակության մեջ»:

XS
SM
MD
LG