Սփյուռքի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն գալ հայրենիք։
Բայց, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, Հայաստան տեղափոխվել ցանկացող որևէ սիրիահայի մասին իրենց որևէ տեղեկություն հայտնի չէ․ - «Տարհանման ցանկություն չկա, բնակիչներից ահազանգներ չկան: Եվ տարհանելու իրավունք, իր բնակչին իր պետության մեջ մի վայրից մի այլ վայր տեղափոխելու իրավունք ունի Սիրիայի կառավարությունը, որովհետև նրանք Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ են: Իսկ երբ դիմում են մեզ, մենք արդեն գտնում ենք ուղիները ոչ թե նրանց տարհանելու, այլ տեղափոխելու»:
Հալեպի «Գանձասար» թերթի փոխանցմամբ, այսօր Հալեպում հրթիռակոծվել են մի շարք թաղամասեր։ Նոր Գյուղում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ազգապատկան «Սիս» համալիրը, վիրավորվել է հայազգի Լետա Կիվլիվզյանը։
Հաղորդվում է նաև, որ այսօր Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհվել է ոչ հայազգի 2 դպրոցական, ևս 5-ը վիրավորվել է։
Հատկապես վերջին շաբաթներին Սիրիայում ահագնացած պատերազմին զոհ գնացին մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ հայկական համայնքի զոհերի թիվը հասավ 8-ի, այդ թվում մեկ երեխա։
Այդուհանդերձ, ըստ Սրապիոնյանի, Հայաստանի կառավարությունը սիրիահայերին չի կարող տարհանել․ - «Տեղափոխվելու ցանկություն ունեցող պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք էդ մարդկանց տեղափոխումը կազմակերպել՝ համագործակցելով մեր գործընկերների հետ։ Այդ ցանկության մասին մեզ որևէ տեղեկություն հայտնի չէ՝ ամենօրյա կապի պայմաններում»։
Անցած շաբաթավերջին Ռուբեն Վարդանյանի գլխավորած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը հայտարարեց, որ պատրաստ են միավորելու ջանքերը այլ կազմակերպությունների հետ՝ սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար։ Սփյուռքի փոխնախարարը, մինչդեռ, այսօր հայտարարեց, թե այս ծրագիրը հնարավոր է և չիրագործվի։ Քանի որ, ըստ Սրապիոնյանի, Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը հիմնվել էր ավելի վաղ մամուլում արված այն հայտարարության վրա, թե Հալեպում 600 սիրիահայ ցանկություն ունի տեղափոխվել Հայաստան։
Նման տեղեկություն հրապարակել էր «Հալեպ» միությունը, որն իր հանգանակած միջոցներով անցած մեկ տարում 250 սիրիահայ է տեղափոխել Հայաստան։ Սրապիոնյանն ասում է, թե արդեն մեկ շաբաթ է իրենց խնդրանքը՝ ստանալու այդ 600 անձանց տվյալները, «Հալեպ» միությունը չի տրամադրում․ - «Բայց այդ 600 անձի ցուցակը պետք է լիներ մեզ մոտ, որովհետև համագործակցում ենք նաև «Հալեպ» բարեսիրական միության հետ։ Ու յոթերորդ օրն է չկա, դրա գոյության փաստը կասկածների տեղիք է տալիս: Եվ մենք խնդրել ենք, էլի կհամբերենք․․․ Եթե չեղավ դա, նշանակում է նպատակները այստեղ, մեղմ ասած, այնքան մաքուր չեն եղել»:
«Ազատության» ճշտող հարցին, թե ի վերջո Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունը կյանքի կկոչվի թե ոչ, Սրապիոնյանը պատասխանեց․ - «Ռուբեն Վարդանյանի գրասենյակը պիտի ստանա այդ ցուցակը, իմանա ովքեր են: Անուն, ազգանուն պիտի ունենա, չէ՞, ինքնաթիռի տոմսի մեջ պիտի գրված լինի ով է, ինչ է և որտեղից է գալիս: Բայց չկա այդ անունը, հետևաբար գումարն էլ չի տրամադրվի: Դա մնաց իբրև հայտարարություն՝ լավագույն ցանկություններով: Հիմա, էդ մարդկանց անունները չկան, ո՞ւմ զանգեն, ի՞նչ դիմեն, ի՞նչ տոմս առնեն, հետևաբար օդի մեջ հայտարարություն է»
Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի գլխավորած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե հայտարարությունն ուժի մեջ է, և այժմ իրենք զբաղված են քննարկումներով, առաջիկա օրերին հանդես կգան մանրամասն հայտարարությամբ։
Սփյուռքի փոխնախարարը անդրադաձավ նաև այն քննադատությանը, թե ինչու Հայաստանի նախագահի հանձնարարությամբ անցած շաբաթ մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխած օդանավերը դատարկ վերադարձան Հայաստան․ - «Բեռնատար ինքնաթիռներով կարող ենք բերել Հայաստան: Եվ մեր աշխատակցին էդ նպատակով գործուղել էինք, վարչության պետին: Որևէ մեկը չէր դիմել նրան: Ի՞նչ կասեք դրան: Նրանք, ովքեր գիտեն էն սիրիահայերը տեղը, որոնք բեռներ տանող ինքնաթիռներով ցանկանում են գալ, տեղն ասեք, վերցնենք բերենք»:
«Ազատության» դիտարկմանը, թե գուցե տեղի ազգային իշխանությունները տեղյակ չեն եղել, Սրապիոնյանը հակադարձեց․ - «Չի կարող այդպիսի բան լինել: Այնտեղ ազգային իշխանությունները համակարգված են աշխատում, շտապօգնության մարմինները համակարգված են աշխատում»:
Այսօր կառավարության նիստում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս անդրադարձել է սիրիահայերի խնդիրներին, սակայն տարհանման անհրաժեշտության մասին չի խոսել։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը պնդեց, որ վիճակն այս պահին Հալեպում կայուն է․ - «Նորություն չի, Հալեպում միշտ էլ վիճակը ծանր է եղել, ռմբակոծությունները միշտ եղել են․․․ Սակայն վիճակը այս պահին կայուն է՝ ըստ գլխավոր հյուպատոսին ազգային իշխանությունների տված տեղեկատվության: Քսան դպրոցները աշխատում են, ընդամենը այս տասը օրվա ընթացքում Հայաստան ժամանել է չորս ընտանիք»:
Թե՛ Սփյուռքի նախարարությունում և թե՛ նախարարության կողմից տարիներ առաջ ստեղծված Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում ասում են, որ Հայաստանի կառավարությունը հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի հայրենիք տեղափոխված սիրիահայերը տեղավորվեն, կարողանան լուծել իրենց առօրյա խնդիրները։
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ ոչ բոլորն են մտադիր լքել Հալեպը։ Մյուս կողմից, համայնքի իշխանությունները հակված են պահպանելու համայնքը․ - «Ոչ ոք իրավունք չունի բոլորի անունից խոսելու․ միայն պաշտոնական խողովակներն են, որ կարող են խոսել բոլորի անունից: Այս պարագային այնտեղ մնացողների անունից խոսում է շտապօգնության մարմինը, այստեղ տեղափոխվելու մասին պետք է խոսի ինչ-որ պետական կողմ»:
Հոկտեմբերի 17-ին Սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայաստան կտեղափոխվեն 21 հալեպահայեր։
Պաշտոնական տվյալներով, անցած 5 տարիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 20 հազար սիրիահայ, որից 17 հազարը մնացել է հայրենիքում։